Վաղը ես կմեկնեմ Վաշինգտոն՝ Նախագահ Թրամփի հրավերով նրա հետ հանդիպելու համար։ Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
«Դրանից հետո ես մասնակցելու եմ Իսրայելի մեծ բարեկամ, սենատոր Լինդսի Գրեհեմի պատվին կազմակերպված արարողությանը։ Պետք է ասեմ, որ նա պետության հիմնադրումից ի վեր եղել է Իսրայելի ամենամեծ բարեկամներից մեկը, և լիովին տեղին է, որ մենք նրան այսպիսի պատիվ ենք մատուցում։
Ես կհանդիպեմ Նախագահ Թրամփի հետ՝ քննարկելու օրակարգում գտնվող բոլոր հարցերը, այդ թվում՝ Իրանում տիրող իրավիճակը»,- ասել է Նեթանյահուն։
Իսրայելի վարչապետը նաև նշել է, որ խոսել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ, ով հավաստիացրել է Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) դեմ վճռականորեն գործելու մտադրությունը։
«Երեկ ես խոսել եմ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ, և նա ևս մեկ անգամ ինձ հաստատեց Միացյալ Նահանգների՝ ՄՔԴ-ի դեմ վճռականորեն գործելու մտադրությունը։
ՄՔԴ-ն վտանգում է արդարադատությունը ողջ աշխարհում, ինչպես նաև սպառնում է ժողովրդավարական, ինքնիշխան պետությունների՝ իրենց ինքնիշխանությունն իրականացնելու իրավունքին։
Ըստ էության, այն փորձում է նրանց անվտանգությունը ենթարկել Հաագայում գտնվող կոռումպացված խմբակի որոշումներին»,- նշել է Նեթանյահուն։



