Էրդողանն այսօր կայցելի Շուշի․ ամեն բան սակայն...

Այսօր մեկնարկում է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի այցը Ադրբեջան։ Բաքվում առավել քան լուրջ են տրամադրված այդ այցին եւ նախապատրաստվում են, կարելի է ասել, աննկարագրելի ուշադրությամբ։ Այցը պաշտոնական է։ Դեռ շաբաթներ առաջ հայտարարվեց, որ Էրդողանը բացի Բաքու այցելությունից, կլինի նաեւ Շուշիում, որտեղ հանդիպում տեղի կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ու նրա միջեւ, կստորագրվեն երկկողմ հարաբերություններին առնչվող փաստաթղթեր։ Սպասվում է նաեւ, որ Էրդողանը ելույթ կունենա ադրբեջանական խորհրդարանում, ներկա կգտնվի վաղը Բաքվում «Եվրո -2020»-ի շրջանակներում կայանալիք «Ուելս»-«Թուրքիա» խաղին։ Ադրբեջանի պառլամենտում նախօրեին բոլոր պատգամավորները կորոնավիրուսի թեստ էին հանձնել՝ Էրդողանի այցի նախապատրաստությունների շրջանակում։ Ադրբեջանական մամուլն այս այցը որակում է ոչ ավել, ոչ պակաս, քան «պատմական»։ Սակայն արդյոք ամեն բան այնքան «պատմական» է, որքան կարող է թվալ։ Իրականում, սխալ կլինի ասելը, թե այս այցը դարակազմիկ նշանակություն ունի։ Ամենեւին ոչ։ Որքան էլ փորձ արվի դրա մասին չխոսել թե Բաքվում եւ թե Անկարայում, սակայն երկու կողմերն էլ իրարից ունեն դժգոհություններ, որոնք դժվար թե մի «պատմական այցով» հարթվեն։ Բանն այն է, որ Թայիփ Էրդողանն ամեն կերպ փորձում է Ղարաբաղյան 44 օրյա պատերազմը ներկայացնել որպես «բաժնեմասային» հաղթանակ՝ կարեւորելով թուրքական զենքի ու զորքի դերակատարությունը այն արդյունքների ստացման գործում, որը եղավ պատերազմի ավարտին։ Իր հերթին, Իլհամ Ալիեւը, բարձր գնահատելով թուրքական աջակցությունը, այն համարում է ոչ այլ ինչ, քան «ադրբեջանական հայրենական պատերազմ» եւ փորձում պատերազմի արդյունքները վերածել քաղաքական կապիտալի եւ յուրացնել։ Երկուսի մոտ էլ մոտիվացիան հասկանալի է։ Էրդողանը ակնարկում է, որ հաղթանակը բաժնեմասային է, հետեւաբար նաեւ՝ ինքն իրավունք ունի ստանալու իր փայաբաժինը, Ալիեւն էլ փորձում է ներքին լսարանին շարունակել կերակրել հաղթանակի էյֆորիայով եւ թոթափել պատրվածության 30-ամյա հոգեբանական բարդույթները։ Արդյունքում ունենում ենք բավական անդուր վիճակ, երբ Ղարաբաղյան վերջին պատերազմի այսպես կոչված հաղթանակը դառնում է կռվախնձոր։ Այս հակասությունը դեռ այնքան էլ զգալի չէ, գոնե «անզեն աչքի» համար, սակայն թեկուզ եւ երկու լիդերների հանրային հասանելի քաղաքական հայտարարությունների տեքստերի համեմատությունը նույնիսկ տողերի արանքներում բացահայտում է խուլ արձագանքները այս հակասության, որոնք աստիճանաբար սկսելու են հասունանալ եւ ի վերջո մի օր պայթելու են։ Ուստի կարելի է ենթադրել, որ այս այցը ընդամենը մեկ փորձն է լինելու, գոնե այս ամենի մի փոքր մեղմման, բայց ոչ հաղթահարման։ Իհարկե, կլինեն արեւելյան ճաշակին եւ շողոքորթությանն ու կեղծավորությանը հատուկ «քաղաքական բեմականացված տեսարաններ», սակայն դրանք միայն միամիտ զանգվածներին կերակրելու համար են նախատեսված լինելու։