
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանից բացի չկա ուրիշ մեկը, որին միաժամանակ վստահում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին. նման պնդմամբ է հանդես եկել Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը:
Վերջինս այս պնդումն արել է այն համատեքստում, որ անհրաժեշտ է Թուրքիայում չորս ղեկավարների մասնակցությամբ գագաթնաժողով կազմակերպել:
«Մենք պատրաստ ենք առաջնորդների գագաթնաժողովին։ Շատ կարևոր է, որ Պուտինը, Թրամփը և Զելենսկին հանդիպեն։ Էրդողանից բացի այլ անուն չկա, որին երեք առաջնորդներն էլ միաժամանակ վստահեն», - թուրք նախարարի խոսքերը մեջբերում է TRT Haber-ը։
Հունիսի 2-ին Ստամբուլում կայացած ռուս-ուկրաինական բանակցությունների երկրորդ փուլից հետո, Էրդողանը հայտարարել էր, որ դրանք գերազանց են անցել և առաջարկել էր չորս նախագահների հանդիպում անցկացնել Ստամբուլում։