Երբ ստախոսը պապայի արև է երդվում

Փաշինյանն այսօր, խոսելով բջջային հեռախոսների IMEI համարների պարտադիր գրանցման մասին, փորձել է հանրությանը համոզել հետևյալ արտահայտությամբ. «Պապայի արև, մենք ձեր անձնական տվյալների հետ գործ չունենք»։ Թողնենք մի կողմ այն, որ սա պետական ղեկավարին ոչ հարիր խոսույթ է։ Ավելի կարևոր է մեկ այլ հանգամանք. երբ տարիներ շարունակ տասնյակ ու հարյուրավոր դեպքերում հանրությունը համոզվել է, որ քաղաքական գործչի խոսքն ու իրականությունը հաճախ չեն համընկնում, ապա ամենաթանկ երդումն անգամ դադարում է որևէ արժեք ունենալուց։ Վստահությունը փաստերով են վաստակում, ոչ թե երդումներով։

Սակայն այստեղ կա նաև բարոյական սահման, որը Փաշինյանը հերթական անգամ անցնում է։ Նրա հայրը հանգուցյալ է, և նրա մասին նույնիսկ Փաշինյանի քաղաքական հակառակորդների շրջանում վատ խոսք գրեթե չի լսվել։ Ընդհակառակը, շատերը հիշում են, որ հենց նա դեռ 2018 թվականին ասում էր՝ Նիկոլ Փաշինյանի փոխարեն արժե մեկ ուրիշին ընտրել վարչապետ։ Հայկական ընտանիքում հանգուցյալ հոր անունը սուրբ է։ Նրա հիշատակը պահում են լուռ հարգանքով, ոչ թե ամեն քաղաքական ճգնաժամի կամ հասարակությանը համոզելու անհաջող փորձի ժամանակ դարձնում երդման առարկա։

Հայն ասում է՝ «հոր արևը» վերջին խոսքն է, այն երդումն է, որ տալիս են միայն այն ժամանակ, երբ այլևս կասկածի տեղ չպետք է մնա։ Բայց երբ այդ երդումն արտաբերում է մարդ, որի նկատմամբ հանրության անվստահությունը ձևավորվել է ոչ թե մեկ, այլ բազմաթիվ դեպքերի արդյունքում, ապա ակամայից թիրախի տակ է դրվում ոչ թե երդումը լսողը, այլ հենց այն մարդու հիշատակը, ում անունով երդվում են։ Հանգուցյալ հոր անունը քաղաքական վահան դարձնելը ոչ միայն չի համոզում մարդկանց, այլ նաև անհարգալից վերաբերմունք է նրա հիշատակի նկատմամբ։ Եթե ասելիքդ ճշմարիտ է, դրա ապացույցը պետք է լինեն փաստերն ու գործերը, ոչ թե հանգուցյալ հորդ անունը։