Երեկ մեր հրապարակումներից մեկում գրել էինք, որ իշխանափոխությունից հետո «Տելեգրամ» սոցիալական ցանցում հայտնի դարձավ «Баграмян 26» հարթակը, որը տարբեր ժամանակներ տեղեկատվական աջակցություն էր ցուցաբերում նոր իշխանություններին։ Տեղեկատվական աջակցությունը հաճախ հիմնված է լինում կեղծիքի վրա, բայց այն կարողանում էր տեղեկատվության առիթներ ստեղծել ու քաղաքական դաշտում քննարկումների առիթ դառնալ։
Հարթակը հաճախ նաև թիրախավորում է ՌԴ-ին և նրա քաղաքական ղեկավարությանը։ Նման գրոհներ արձանգրվում էին այն ժամանակ, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խնդիրներ էր ունենում ՌԴ ղեկավարության հետ։
Շատերի համար անհասկանալի էր, թե ում է պատկանում հարթակը և ինչու՞ է ակտիվորեն աջակցում նոր իշխանություններին։ Մեր աղբյուրների պնդմամբ` հարթակը պատկանում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Արտակ Գասպարյանին՝ «Արտաչոկին»։ Նա անձամբ չի զբաղվում հարթակի աշխատանքներով, բայց տեղեկատվական քաղաքականությունը որոշվում է հենց նրա կողմից։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Արտակ Գասպարյանը, կապվելով մեզ հետ, հերքեց մեր կողմից հրապարակված այն տեղեկությունը, ըստ որի՝ ինքը հանդիսանում է «Տելեգրամ» սոցիալական կայքում հայտնի դարձած «Баграмян 26» հարթակի սեփականատերը։
Հեռախոսազրույցից հետո ելնելով լրագրողական էթիկայից մենք հրապարակեցինք իր կողմից տրված հերքումը։ Սակայն Արտակ Գասպարյանը՝ «Արտաչոկը», իր ֆեյսբուքյան էջում, վառ երևակայությանը զոռ տալով, գրել էր, թե մենք ընդունել ենք, որ հրապարակված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։
«Արտաչոկի» քայլն իրապես բավականին էժան էր, սակայն այն ակնհայտ դարձրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի «աքիլեսյան գարշապարը»։ Նման ցածրակարգ մանիպուլյատորը մի ամբողջ երկրի վարչապետի մոտ օգնական է աշխատում և փորձում է օգնել նոր իշխանություններին՝ լավ հարաբերություններ ունենալ ՌԴ իշխանությունների հետ։ Հիմա հասկանալի է, թե ինչու՞ են մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ այսքան վատ։ Ինչպե՞ս կարելի է արտաքին քաղաքականության նման կարևոր ուղղություն վստահել մի մարդու, ով անգամ ամենապարզ խոսակցություն է կեղծում։ Ամենայն հավանականությամբ, Նիկոլ Փաշինյանը հավատացել է «Արտաչոկի» այն պատմություններին, թե նա Պատրուշևի հետ մտերիմ է և լայն կապեր ունի ՌԴ իշխանական էլիտայում։



