Պետքարտուղարությունը դիվանագետներից պահանջել...

ԱՄՆ Պետքարտուղարությունը ամերիկացի դիվանագետներից պահանջել է չօգտագործել գաղտնի տեղեկությունները խաղային կայքերում և առցանց կանխատեսումների ծառայություններում։ Այդ մասին հայտնել է The Wall Street Journal (WSJ) թերթը՝ վկայակոչելով գերատեսչության ծառայողական հուշագիրը։

«Վերջին մամուլի հաղորդագրություններում մտահոգություն է արտահայտվում ԱՄՆ կառավարության պաշտոնյաների կողմից ոչ հրապարակային տեղեկատվության օգտագործման վերաբերյալ՝ առցանց կանխատեսումների շուկաներում խաղադրույքներ կատարելու համար։ Բոլոր աշխատակիցներին հիշեցվում է, որ դեպարտամենտի աշխատակիցների կողմից ոչ հրապարակային տեղեկատվության չարաշահումը ֆինանսական շահ ստանալու նպատակով շատ լուրջ խախտում է և չի հանդուրժվելու», — ասվում է հուշագրում։

Թերթի տվյալներով՝ փաստաթուղթը հայտնվել է շուտով այն դեպքից հետո, երբ ամերիկացի զինվորականը իրեն մեղավոր չէր ճանաչել գաղտնի տեղեկությունների օգտագործմամբ 400 հազար դոլար շահելու գործով։ Խոսքը Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի տապալման վերաբերյալ խաղադրույքների մասին էր։

ԱՄՆ պաշտոնյաները կարծում են, որ նման իրադարձությունների վրա խաղադրույքների աճը կարող է սպառնալ ազգային անվտանգությանը։ Իշխանությունները ձգտում են թույլ չտալ, որ պետական ծառայողները շահույթ ստանան թույլ կարգավորվող շուկաներում, որտեղ կարելի է խաղադրույք կատարել՝ սկսած Իրանի հետ համաձայնագրի կնքման ժամկետներից մինչև 2026 թվականին ԱՄՆ-ի Կուբա ներխուժելու հավանականությունը։

Ինչպես գրում է WSJ-ն, անցած ամիս մի շարք հաշիվներից արվել են ճշգրիտ և ժամանակին խաղադրույքներ՝ մի քանի ժամ առաջ, քան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց Իրանի հետ հրադադարի մասին։ Այդ խաղադրույքները հեղինակներին բերել են տասնյակներից մինչև հարյուր հազարավոր դոլարների շահումներ և որոշ օրենսդիրների կոչերը՝ խստացնել առցանց կանխատեսումների շուկաների կարգավորումը։