Ե՞րբ ներողություն կխնդրեն գնդապետից

Օրերս հայտնի դարձավ, որ «Մարտի 1»-ի գործի շրջանակում սպանության մեղադրանքով կալանավորված  ոստիկանության ներքին զորքերի շտաբի նախկին պետ Գեղամ Պետրոսյանն ազատ է արձակվել։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու համար։

Գեղամ Պետրոսյանին մեղադրանք է ներկայացված Քրեական օրենսգրքի 104 հոդվածի առաջին մասով՝  հրազենի գործադրմամբ Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու համար։

Գեղամ Պետրոսյանի ազատ արձակմամբ պայթեց իշխանության հերթական միֆը։ Իշխանությունները շաբաթներ շարունակ դեռևս նախաքննության փուլում գտնվող գործի մասին խոսում էին այնպիսի համոզվածությամբ՝  տպավորություն էր, թե նրա մեղքն ապացուցված  է, և ապացույցներն այնքան ամուր են, որ անհնար է այն սասանվի դատաքննության փուլում։ 

Փորձենք հասկանալ՝ ինչ էին ասում իշխանության ներկայացուցիչները այդ օրերին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրինակ հայտարարեց, որ էմոցիոնալ պահեր է ապրել. «Զաքար Հովհաննիսյանի սպանության մեջ կասկածվողի ձերբակալության լուրն իմանալուց հետո էմոցիոնալ պահեր եմ ապրել»:

Իշխանական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը Գեղամ Պետրոսյանի ձերբակալությունից հետո հայտարարեց. «Գեղամ Պետրոսյանի ձերբակալությունը խոսում է այն մասին, որ ձեռք են բերվել շատ ավելի հիմնավոր ապացույց»:

Իշխանությանն աջակցող փաստաբան Սեդա Սաֆարյանը տարբեր լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարում էր, որ ոստիկանության գնդապետ Գեղամ Պետրոսյանն ինքնախոստովանական ցուցմունքներով է հանդես եկել, ու ամեն բան այլևս պարզ է:

Իշխանական ամբողջ թիմը իր ձեռքի տակ եղած միջոցներով տարածում էր այս տեսակետները, և հանրության մոտ ստեղծել էր տպավորություն, թե Զաքար Հովհաննիսյանի սպանությունը բացահայտված է՝ մնում է միայն դատական վճիռ ունենալ, որը կսահմանի Գեղամ Պետրոսայնի պատժաչափը:

Այսօր արդեն պարզ է, որ վարչապետի ենթակայության տակ գտնվող ՀՔԾ-ն չի կարողացել բավարար ապցույցներ հավաքել, և քննիչը դատարան չի մտել Գեղամ Պետրոսյանի կալանքը երկարաձգելու պահանջով: Իհարկե, սա դեռ ամբողջական արդրացում չէ, բայց նաև ապացույց է, որ իշխանությունը հերթական անգամ մանիպուլացրել է հասարակությանը և առանց հիմքերի մարդասպանի պիտակ դրել Գեղամ Պետրոսյանի վրա:

Բարոյական օրենքները հուշում են, որ Գեղամ Պետրոսյանին մեղադրող գործիչները պետք է հրապարակային ներողություն խնդրեն նրանից: Ի վերջո, նա ունի երեխաներ, թոռներ, որոնք կարող են թիրախավորվել հասարակության տարբեր խմբերի կողմից իշխանության տարածած ապատեղեկատվության պատճառով: