Երևանի ընդհանուր իրավասության դատարանը Շենգավիթի նստավայրում, նախագահությամբ դատավար Աննա Դանիբեկյանի, այսօր կայացած նիստում հետաձգեց ԵԴ/0253/01/19 գործով քննությունը։ Հաջորդ նիստը կկայանա մայիսի 25-ին։ Այս մասին հայտնում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմից։ Հիշեցնենք, որ երկրորդ նախագահի պաշտպան Արամ Վարդևանյանը միջնորդեց, որպեսզի հետաձգվի սույն գործով քննությունը մինչեւ հունիսի 20-ը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ երկրում տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնց մասնակցում է նաև Ռոբերտ Քոչարյանը՝գլխավորելով «Հայաստան» դաշինքը։ Պաշտպան Վարդևանյանը շեշտեց, որ Ռ․ Քոչարյանը, ինչպես և ընտրությանը մասնակցելու հայտ ներկայացրած յուրաքանչյուր անձ, ունի քարոզարշավ իրականացնելու սահմանադրական իրավունք, իսկ նախընտրական շրջանու, ըստ փաստաբանի, նշանակված նիստերը կարող են խոչընդոտել նրա հանդիպումներին և քարոզարշավն իրականացնելուն։ Խոսքը գնում է ընդամենը երեք դատական նիստի մասին։ Մինչդեռ, ինչպես հիշեցրեց Վարդևանյանը, նախորդ տարի գարնանը տարբեր պատճառներով չի կայացել 10 դատական նիստ։ Միջնորդությունը մերժվեց։ ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանն իր հերթին միջնորդեց հետաձգել նիստը՝ հաշվի առնելով իր պաշտպանյալի առողջական վիճակը։ Ալեքսանյանը տեղեկացրեց, որ Արմեն Գևորգյանը գտնվում է ամբուլատոր վերահսկողության տակ, և խնդրեց նոր նիստ նշանակել մայիսի 25-ից ոչ շուտ։
Իր հերթին դատավոր Դանիբեկյանը տեղեկացրեց, որ մյուս շաբաթ ինքը մասնակցելու է Արդարադատության ակադեմիայի դասընթացներին և չի կարող ներկայանալ։ Արդյունքում հաջորդ դատական նիստը նշանակվեց մայիսի 25-ին՝ ժամը 13։00-ին։



