
Եմենի հութիների «Անսար Ալլահ» շարժումը հայտարարել է Իսրայելի Բեն Գուրիոն (Լոդ) օդանավակայանի դեմ ռազմական գործողություն իրականացնելու մասին։ Այս մասին հայտնում է հութիներին պատկանող Al Masirah հեռուստաալիքը։
Հութիների խոսնակ Յահյա Սարիի խոսքով՝ շարժման անդամներն օգտագործել են «Պաղեստին 2» հիպերձայնային բալիստիկ հրթիռ։
«Հրթիռային ուժերի կողմից իրականացված գործողությունը հաջողությամբ հասել է իր նպատակին՝ ստիպելով բազմաթիվ իսրայելցիների պատսպարվել ապաստարաններում»,- նշել է նա՝ հավելելով, որ օդանավակայանի գործունեությունը կասեցվել է։
Խոսնակի հայտարարության մեջ նշվել է, որ հութիները վերահաստատում են իրենց հանձնառությունը՝ շարունակելու թիրախավորել Իսրայելին՝ ի պատասխան վերջինիս կողմից Գազայի հատվածի ժողովրդի դեմ իրականացվող ցեղասպանության և սովի հանցագործությունների։
Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել էր, որ հարված են հասցրել Եմենի մայրաքաղաք Սանայում հութիների էներգետիկ ենթակառուցվածքներին: Նաև տեղեկություններ են հաղորդվել, որ օդային ազդանշաններ լսվելուց հետո բանակին հաջողվել է որսալ Եմենից արձակված հրթիռ։
Գազայի հատվածում Իսրայելի կողմից պատերազմի սկզբից ի վեր հութիներն ի աջակցություն պաղեստինցիների տասնյակ հրթիռային հարձակումներ են իրականացրել Իսրայելի ուղղությամբ, որն էլ, իր հերթին, տասնյակ հարվածներ է իրականացնում Հոդեյդայի և Սանայի ուղղությամբ։