Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն իր ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է․
«Հոկտեմբերի 18-ին ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության պատվիրակությանը ՀՀ ԶՈւ բանակային երկրորդ կորպուսի հրամանատար գնդապետ Վահրամ Գրիգորյանի և Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի հետ ուղեկցել ենք Վարդենիս համայնքի՝ 2022 թվականի ադրբեջանական ագրեսիայի արդյունքում տուժած Տրետուքի եւ Կուտական բնակավայրերի սահմանամերձ գոտիներ։
Հանգամանալից ներկայացրի թշնամու ձեռնարկած ագրեսիայի արդյունքում Ճամբարակ եւ Վարդենիս խոշորացված համայնքներում տուժած 12 բնակավայրի մասին տեղեկատվություն, որոնցից բազմաթիվ վնասներ են կրել Սոթք եւ Կութ բնակավայրերը։
148 շենք-շինություն վնասվել է Սոթքում, 12 բնակարան՝ Կութում, 2 բնակարան՝ Վեևրին Շորժայում։ Ունենք վնասված երկու դպրոց, մեկ մանկապարտեզ, բնակավայրերի վարչական շենքեր, գրադարան եւ բուժկետ։ Ունենք հրետակոծությունից տուժած 8 բնակարան, որոնք պետք է կառուցվեն հիմնովին։ Վնասվել են նաեւ քաղաքացիական ենթակառուցվածքները, մոտ 40 տոկոսով ռիսկային է դարձել գյուղատնտեսական աշխատանքների իրականացումը։
ՀՀ ԶՈւ բանակային երկրորդ կորպուսի հրամանատար Վահրամ Գրիգորյանը ԵՄ պատվիրակության անդամներին տեղում ներկայացրեց զեկույց 2021 թվականի մայիսի 12-ին եւ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի զինուժի կողմից Հայաստանի Հանրապետության դեմ ձեռնարկված ագրեսիայի հետևանքները։ Դիտարկումներն իրականացվեցին չափիչ սարքերի միջոցով։
ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության պատվիրակության անդամները վստահեցիրն, որ կիրականացնեն խորը ուսումնասիրություններ և պարբերաբար կներկայացնեն զեկույցներ։
Հավաստիացնեմ, որ ԵՄ առաքելության պատվիրակության դիտորդական աշխատանքներին կցուցաբերվի մշտական աջակցություն և կծավալվի ակտիվ համագործակցություն»։