Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Արգենտինայի Հանրապետության մայրաքաղաք Բուենոս Այրես կատարած աշխատանքային այցի շրջանակում, 2026 թվականի նոյեմբերի 15-ին հանդիպել է Բուենոս Այրեսի ինքնավար քաղաքի գլխավոր դատախազ Մարտին Լոպես Սավալետայի հետ։
Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ հանդիպմանը քննարկվել են երկու երկրների դատախազությունների միջև համագործակցության զարգացման, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ փորձի փոխանակման և մասնագիտական կապերի ամրապնդմանն առնչվող հարցեր։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև միջազգային և տարածաշրջանային մասնագիտական կառույցների շրջանակում համագործակցության զարգացումներին։ Այս համատեքստում Աննա Վարդապետյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության դատախազության ներգրավվածությունը Դատախազների միջազգային ասոցիացիայի աշխատանքներում, ինչպես նաև Eurojust-ի և Եվրոպական դատախազության (EPPO) հետ մեկնարկած համագործակցությունը։
ՀՀ գլխավոր դատախազը, անդրադառնալով Հայաստանի Հանրապետության դատախազության գործունեության կարևոր ուղղություններին, դրանցից առանձնացրել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման, փողերի լվացման, կոռուպցիայի և կիբեռհանցավորության դեմ պայքարը, ինչպես նաև միջազգային համագործակցության միջոցով հանցավոր ճանապարհով ձեռք բերված ապօրինի գույքի հայտնաբերման և վերադարձի արդյունավետության բարձրացումը։
Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են դատախազների մասնագիտական կարողությունների շարունակական զարգացումը և փորձի փոխանակումը։



