ԵՄ-ն ոչնչացրել է մրգերի և բանջարեղենի արկղերո...

Իսպանիայի և Լեհաստանի իրավապահ մարմինները ոչնչացրել են կազմակերպված հանցավոր խումբ, որին կասկածում են մրգերով և բանջարեղենով բեռնված բեռնատարներով միլիոնավոր եվրոյի թմրանյութերի մատակարարման մեջ։ Այդ մասին այսօր հայտնել է Եվրոպայի ոստիկանական գործակալությունը (Եվրոպոլ), որն օժանդակել է գործողության իրականացմանը։

Ըստ հաղորդագրության՝ հետաքննության ընթացքում իրավապահներն առգրավել են շուրջ 260 կգ մարիխուանա, ամֆետամին և կոկաին, որոնց արժեքը կազմում է 2 925 400 եվրո:

Եվրոպոլը հայտնում է, որ ապրիլի 23-ին իրականացված ստուգարշավի ընթացքում 14 մարդ ձերբակալվել է Լեհաստանում, ևս 6-ը՝ Իսպանիայում, ինչպես նաև առգրավվել է 0,5 մլն եվրոյի չափով կանխիկ գումար՝ տարբեր արժույթներով:

Ավելի վաղ տարվա ընթացքում տվյալ խմբավորման դեմ իրականացվել են մի քանի ստուգարշավներ, որոնք հանգեցրել են 42 ձերբակալությունների։ Ընդհանուր առմամբ, ըստ հետաքննության ընթացքում հավաքված փաստերի՝ չարագործները մասնակցել են 3 տոննա մարիխուանայի մաքսանենգությանը՝ 30 միլիոն եվրո արժողությամբ: Թմրանյութն Իսպանիայից Լեհաստան է տեղափոխվել մրգեր և բանջարեղեն տեղափոխող բեռնատարներով՝ Նիդերլանդների և Գերմանիայի տարածքով: Բացի այդ, հետաքննությունը ցույց է տվել, որ հանցագործները կապված են եղել տարբեր սպորտային ակումբների մոլի ​​երկրպագուների հետ: