ԵՄ-ն մինչև 2027 թվականը նախատեսում է ամբողջու...

Եվրահանձնաժողովն ընդմիշտ կհրաժարվի ռուսական էներգակիրներից՝ անկախ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ ԱՄՆ-ի հետ ընթացող բանակցությունների արդյունքից։ Այս մասին Euronews-ի հետ հարցազրույցում հայտարարել է ԵՄ էներգետիկայի հարցերով հանձնակատար Դան Յորգենսենը։

«Եթե դա ինձնից կախված լինի, մենք այլևս երբեք Ռուսաստանից նույնիսկ մեկ մոլեկուլ գազ չենք ներմուծի։ Մենք չենք վստահում Ռուսաստանին», - ասել է Յորգենսենը։

Euronews-ը հիշեցնում է, որ պատժամիջոցների վրա հույս դնելու փոխարեն, որոնք կարող են չեղարկվել պատերազմի ավարտից հետո, Եվրամիությունը օրենսդրություն է ընդունել՝ ռուսական գազի ներմուծումն ամբողջությամբ և մշտական հիմունքներով դադարեցնելու համար։

«Մենք, ըստ էության, արգելել ենք այն, ինչը շատ ավելի խիստ միջոց է, քան պատժամիջոցները, քանի որ պատժամիջոցների գործողությունը պետք է երկարաձգվի յուրաքանչյուր վեց ամիսը մեկ», - ասել է եվրահանձնակատարը՝ նշելով, որ «եթե խաղաղություն հաստատվի, հավանաբար, պատժամիջոցները կչեղարկվեն», մինչդեռ ընդունված օրենսդրությունը կշարունակի գործել։

Նրա խոսքով՝ Եվրամիությունն արդեն ռուսական գազից կախվածությունը 45 տոկոսից նվազեցրել է մինչև մոտ 10 տոկոս և ակնկալում է 2027 թվականին ամբողջությամբ դադարեցնել դրա ներմուծումը։

«Նույնիսկ եթե խաղաղություն հաստատվի, մենք նրանց չենք վստահի և չենք ցանկանում կրկնել անցյալի սխալները», - ասել է Յորգենսենը։

Եվրահանձնակատարը նաև նախազգուշացրել է սպառողներին պատրաստվել այս ձմռանը վառելիքի և գազի գների բարձրացմանը՝ չնայած նավթի գների վերջին անկմանը։

«Մեզ սպասվում է բավականին բարդ ձմեռ լիցքավորման կայաններում, քանի որ բենզինը, դիզելային վառելիքը և գազը կթանկանան», - ասել է նա։

Ռուսական հեղուկացված բնական գազ (ՀԲԳ) շարունակում են գնել Ֆրանսիան, Իսպանիան, Բելգիան և Նիդեռլանդները, իսկ խողովակաշարային մատակարարումները պահպանվում են Հունգարիայում, Սլովակիայում և Հունաստանում։

S&P Global Energy-ի տվյալներով՝ 2026 թվականի մոտ տասը ամսվա ընթացքում ԵՄ-ն ներմուծել է շուրջ 12,7 միլիոն տոննա ռուսական ՀԲԳ, ինչը գերազանցել է 2025 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը։