Արթիկում բնակարան են թալանել․ գողացել են ոսկե...

Բնակարանային գողության վերաբերյալ ահազանգը ստացվել էր հոկտեմբերի 15-ին։ Ահազանգով Արթիկ քաղաք մեկնած Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպերատիվ խումբը պարզել էր, որ բացել են բնակարանի դուռն ու գողացել մեծ քանակի արծաթ ու ոսկեղեն և մոտ վեց միլիոն դրամ։
 
Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել էր քրեական վարույթ, որի շրջանակում Շիրակի քրեական ոստիկանների ձեռնարկած հետևողական միջոցառումների արդյունքում ստացվեց տեղեկություն, որ գողությունը կատարել են Վանաձորի բնակիչ 54-ամյա, Արարատ քաղաքի բնակիչ 45-ամյա և Երևանի բնակիչ 49-ամյա տղամարդիկ։
 
Տեղեկությունն իրացվեց նոյեմբերի 6-ին։ Առավոտյան իր բնակության վայրում ձերբակալվեց և Շիրակի մարզային վարչություն տեղափոխվեց Երևանի 49-ամյա բնակիչը։ Նա խոստովանեց մեղքը և ներկայացվեց նախաքննական մարմին։ Դատարանի որոշմամբ նրա նկատմամբ խափանման միջոց ընտրվեց կալանքը։
 
Նրա հանցակիցների նկատմամբ հայտարարվեց հետախուզում։
Ձեռնարկվում են միջոցներ տղամարդկանց  և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։
 
Նախաքննությունը շարունակվում է։