Դեսպանները որևէ հակափաստարկ չբերեցին․ Վարդեւա...

ԵՄ երկրների 20-ից ավելի բարձրաստիճան դիվանագետների էինք հանդիպել, ես առաջարկ հնչեցրեցի, որ եթե ապօրինի կալանքների, քաղաքական հետապնդումների, կամ ինչպես ԵԽԽՎ-ն իր զեկույցում արձանագրել էր՝ սելեկտիվ հետապնդումների վերաբերյալ որևէ հարց կլինի, ես կարող եմ դրանց պատասխանել։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 25–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց աԺ փոխխոսնակ Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով նախօրեին ԵՄ երկրների դեսպանների հետ իր հանդիպմանը։

«Այսինքն, եթե կա որևէ մի տվյալ, որը կարող է կասկածի տակ դնել իմ պնդումը, որ դրանք բոլորը քաղաքական հետապնդումներ են, այդ թվում ՀՀ–ում ընդդիմադիր երեք առաջնորդներ ապօրինի, քաղաքական շահագրգռվածությամբ կալանավորված են, ես կարող եմ դրանց պատասխանել։ Կարող եմ ասել, որ որևէ հարց չի հնչել այդ մասով։ Ես ոչ թե կատեգորիկ պնդում եմ անում այն մասին, որ վստահաբար չկա որևէ մի հակափաստարկ, այլ եղելությունն եմ ներկայացնում։

Անկեղծորեն ասեմ, որպես իրավաբան չի կարող որևէ մեկ այլ իրավաբան բերի ինձ մեկ հակափաստարկ, թե ինչի այդ գործերով չէր կարող այլ խափանման միջոց կիրառվել»,–ասաց նա։ Վարդևանյանը նաև թվեր ներկայացրեց. «2026–ի սեպտեմբերի դրությամբ Հայաստանում եղել են շուրջ 1400 կալանավորներ, իսկ տնային կալանքի կիրառման դեպքերը կազմել են շուրջ 800. 2026–իի նոյեմբերի դրությամբ կալանքի թվերը կազմում են շուրջ 1600, իսկ տնային կալանքը՝ շուրջ 900։ Մեր օրենսդրության համաձայն, ՄԻԵԴ–ի նախադեպային իրավունքի համաձայն, ԵՄ ընդունած չափորոշիչների համաձայն կալանքը բացառիկ խափանման միջոց է, այսինքն երբ որևէ այլ խափանման միջոց չի կարող կիրառվել, կիրառվում է կալանք։ Հայաստանի վիճակագրությունը ցույց է տալիս, որ այն բացառիկ խափանման միջոց չէ, այն ամենատարածված խափանման միջոցն է։ Սա աբսուրդ է, մենք ունենք ուղիղ շեղում մեր ստանձնած միջազգային պարտավորություններից։

Հայաստանը շեղվել է իր միջազգային պարտավորություններից, որի պատճառը քաղաքական շահագրգռվածությունն է՝ կալանքը որպես քաղաքական զենք օգտագործելո, վախի մթնոլորտ տարածելու նպատակով։

Սամվել Կարապետյանը գտնվում էր տնային կալանքի պայմաններում 2026–ի հունվարից։ Տնային կալանքի անհրաժեշտությունը այլևս չկար, բայց այն պահպանվում էր։ Դրանից հետո Նիկոլ Փաշինյանի հրապարակավ խոսում է Սահմանադրության ենթադրյալ հանրաքվեի հարցի մասին և այնտեղ մեջբերումներ էր արվում «Կնքահայրը» ֆիլմից, որ կլինի առաջարկ, որից հնարավոր չէ հրաժարվել։ Դրան հաջորդված ժամանակահատվածում, երբ Սամվել Կարապետյանը հրապարակավ հայտնեց իր դիրքորոշումը, որ միանշանակ մերժվելու է այդ առաջարկը, Սամվել Կարապետյանի տնային կալանքից կալանքի ռեժիմը փոխարինվեց կալանքով։ Դա բացառիկ է։

Հետևաբար նաև բոլոր այս կալանքների դեպքերով կա կոնկրետ քաղաքական շահագրգռվածություն, քաղաքական պատվեր»,– ընդգծեց նա։

Արամ Վարդևանյանի խոսքով՝ ԵԽԽՎ զեկույցում ուղիղ արձանագրված է, որ Հայաստանում կան սելեկտիվ հետապնդումներ և կա հորդոր Հայաստանի իշխանություններին դադարեցնելու սելեկտիվ հետապնդումները. «Հետևաբար, այն, որ միջազգային հանրությունը այդ զեկույցից հետո ունի կոնսենսուս, որ Հայաստանում կան քաղաքական հետապնդումներ, դա անկասկած է»։