Ազգային ժողովում քննարկվող օրենսդրական փաթեթով առաջարկվում է ընդլայնել Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունները՝ հնարավորություն տալով քննելու նաև կազմակերպությունների կողմից ենթադրյալ խտրականության վերաբերյալ բողոքները և որոշ դեպքերում դիմելու դատարան։ «Իրավահավասարության ապահովման և խտրականությունից պաշտպանության մասին» օրենքի և հարակից նախագծերի՝ նոյեմբերի 25-ի աշխատանքային քննարկման ընթացքում կարգավորումները ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը։
«Բարեփոխման առանցքային բաղադրիչներից է իրավահավասարության ապահովման և խտրականությունից պաշտպանության ինստիտուցիոնալ համակարգի ամրապնդումը։ Մասնավորապես՝ Մարդու իրավունքների պաշտպանին վերապահվում է իրավահավասարության ապահովման և խտրականությունից պաշտպանության մարմնի մանդատը։ Այս շրջանակում Պաշտպանը հնարավորություն կունենա քննարկելու նաև կազմակերպությունների կողմից ենթադրյալ խտրականության վերաբերյալ բողոքները, իրականացնելու մշտադիտարկում, ներկայացնելու օրենսդրության և պրակտիկայի բարելավման առաջարկություններ, ինչպես նաև կողմերի համաձայնությամբ իրականացնելու հաշտարարություն։ Կարևոր նորամուծություն է նաև Պաշտպանի՝ խտրականության ենթարկված անձի կամ անձանց խմբի համաձայնությամբ դատարան դիմելու իրավունքի նախատեսումը, եթե Պաշտպանի կողմից արձանագրվել է խախտում, և համապատասխան մարմինը կամ կազմակերպությունը չի կատարել կամ ոչ պատշաճ է կատարել Պաշտպանի առաջարկությունները»,-նշել է Կարապետյանը։
Փոխնախարարի խոսքով՝ խտրականության գործերի համար առաջարկվում են նաև դատավարական առանձնահատկություններ։ Մասնավորապես՝ ՄԻՊ-ի կողմից խախտումն արձանագրելու դեպքում խտրականության բացակայությունն ապացուցելու պարտականությունը նախատեսվում է դնել պատասխանողի վրա։
«Քաղաքացիական դատավարության օրենսգրքում նախատեսվում է հատուկ վարույթ՝ գործերի քննության վեցամսյա ժամկետով և ապացուցման պարտականության բաշխման առանձնահատկություններով։ Մասնավորապես՝ եթե առկա է Մարդու իրավունքների պաշտպանի կողմից խտրականության չենթարկվելու իրավունքի խախտման առկայության մասին որոշում, ապա հայցվորն ազատվում է նման տվյալներ ներկայացնելու պարտականությունից, և խտրականության բացակայությունն ապացուցելու պարտականությունը դրվում է պատասխանողի վրա»,-պարզաբանել է նա։
Կարապետյանը նշել է, որ խտրականության չենթարկվելու իրավունքի պաշտպանության գործերի քննությունն առաջարկվում է վերապահել ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարաններին՝ անկախ ենթադրյալ խտրականությունը գործադրած սուբյեկտի կարգավիճակից։
«Այս կարգավորումը տարածվելու է նաև այն դեպքերի վրա, երբ խտրականությունը դրսևորվել է պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ։ Նախագծերի փաթեթի ընդունմամբ կձևավորվի խտրականության կանխարգելման և դրանից պաշտպանության միասնական իրավական համակարգ՝ ամրապնդելով անձանց իրավունքների պաշտպանության ինստիտուցիոնալ և դատավարական երաշխիքները»,-ասել է փոխնախարարը։



