ԵՄ «Կանաչ շաբաթ 2025» նախաձեռնության շրջանակում ԵՄ-ն և Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունը Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում կազմակերպել էին հուշագրերի ստորագրման արարողություն՝ ներկայացնելու «Արևելյան գործընկերության երկրներում դեկարբոնիզացման, կլիմայի դիմակայունության և էներգետիկ անվտանգության» ծրագրի աջակցությամբ մեկնարկող նախաձեռնությունները։
Ինչպես տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, միջոցառման ընթացքում համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը և «Բլեջան» ՀԿ ներկայացուցիչը ստորագրել են համագործակցության հուշագիր՝ «Երազանքի այգի․ կլիմայակայուն քաղաքային այգու հիմնում Գավառում» նախագծի իրականացման համար։
Նախագիծը նպատակ ունի ստեղծել համայնքային այգի՝ շուրջ մեկուկես հեկտար տարածքի վրա, բնահեն լուծումներով, որոնք կմեծացնեն կլիմայի փոփոխության նկատմամբ հարմարվողականությունը և կբարելավեն քաղաքի միկրոկլիման։
Ծրագրի մեկնարկը տրվել է 2025 թվականի հոկտեմբերի 1-ից և կավարտվի 2027 թվականի սեպտեմբերին։ Ծրագրի բյուջեն կազմում է 582 հազար 913 եվրո, որի 5 տոկոսը՝ 30 հազար եվրոյի չափով, ներդնում է Գավառի համայնքապետարանը։
Միջոցառմանը ներկա էին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, ՀՀ նախարարությունների, Գերմանական միջազգային համագործակցության ընկերության և մի շարք գործընկերների ներկայացուցիչներ։
Ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական Միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության Շրջակա միջավայրի, կլիմայական գործողությունների և բնության պահպանության նախարարության կողմից։



