Երեւանում սեպտեմբերի 1-ին կայացել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության (ՀԸԳՀ) շրջանակներում ձևավորված Եվրամիություն-Հայաստան քաղհասարակության պլատֆորմի անդրանիկ հանդիպումը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունից, պլատֆորմի անդամները քննարկել են համաձայնագրի կիրարկման ընթացքը, դրանում քաղաքացիական հասարակության տեղն ու դերը, ինչպես նաեւ ընդունել են Պլատֆորմի կանոնակարգը։
Ըստ աղբյուրի՝է հանդիպման արդյունքներով Պլատֆորմի անդամները հանդես են եկել հայտարարությամբ, որը ներկայացվում է ստորև.
Հայաստանի եւ Եվրամիության միջեւ ստորագրված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման վերաբերյալ Պլատֆորմի անդամները․
- Դիտարկում են Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը որպես կարեւոր փուլ ՝ ընդլայնելու ԵՄ եւ ՀՀ միջեւ բազմակողմ քաղաքական եւ տնտեսական փոխգործակցությունը, հիմնված ընդհանուր արժեքների եւ նախկինում հաստատված կապերի ու համագործակցության հետագա ամրապնդման վրա,
- Ողջունում են 2021 թվականի մարտի մեկին համաձայնագրի ամբողջական ընդունումն ու գոհունակությամբ ընդգծում են Համաձայնագրի վավերացումը ԵՄ անդամ բոլոր երկրների խորհրդարաների կողմից,
- Հաստատում են Հայաստանի Հանրապետության կողմից գործադրվող ջանքերը՝ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման համար ճանապարհային քարտեզների ընդունման հարցում․ սակայն մտահոգություն են հայտնում ՀԸԳՀ շրջանակներում հայկական կողմի ստանձնած պարտավորությունների իրականացման դանդաղ տեմպերի կապակցությամբ եւ հորդորում են շուտափույթ եւ արդյունավետ կատարել այդ պարտավորությունները՝ Հայաստանի ժողովրդի համար շոշափելի արդյունքների հասնելու նպատակով,
- Ընդգծում են, որ բարեփոխումների լայն եւ խոր գործընթացը նախապայման է Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ առավել սերտ հարաբերությունների եւ համագործակցության համար, այդ կապակցությամբ կոչ են անում Հայաստանի իշխանություններին ակտիվացնել ջանքերը բարեփոխումների հարցում՝ վերականգնելու հայ ժողովրդի եւ ԵՄ-ի վստահությունն առ այն, որ Հայաստանի իշխանություններն ունեն կարողություններ լուրջ բարեփոխումներ իրականացնելու հարցում,
- Ընդգծում են, որ ժողովրդավարական սկզբունքների, իրավունքի գերակայության և մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքը, որն ամրագրված է մարդու իրավունքների վերաբերյալ համապատասխան միջազգային փաստաթղթերում, Համաձայնագրի էական տարր է. եւ պարտավորվում են աջակցել Հայաստանի կառավարության ջանքերին այդ ոլորտում, եւ Համաձայնագրի ամբողջ գոյության ընթացքում այս հարցերը պահել հատուկ ուշադրության կենտրոնում,
- Ընդունում են Հայաստանի կողմից ՀՀ քաղաքացիների՝ ազատ եւ արդար ընտրության իրավունքի պաշտպանության հարցում գրանցած առաջընթացը, սակայն հիշեցնում են, որ ընտրությունները հանդիսանում են ժողովրդավարության հենասյուներից մեկը եւ կոչ են անում Հայաստաի կառավարությանը ակտիվացնել իր ջանքերը Հայաստանում լիակատար ժողովրդավարություն հաստատելու հարցում, այդ թվում` քաղհասարակության հետ երկխոսության աջակցման եւ խթանման, հանրության զգալի մասնակցության արդյունավետ մեխանիզմների կիրառման, եւ ընտրովի ու նշանակովի մարմինների բարեվարքության, հաշվետվողականության եւ թափանցիկության միջոցով,
- Ընդգծում են, որ առավել անհետաձգելի բարեփոխումները վերաբերում են դատական համակարգին եւ պետական կառավարմանը, համակարգային կոռուպցիայի կանխարգելմանն ու դրա դեմ պայքարին, պետական ֆինանսների կառավարման հարցում թափանցիկության, հաշվետվողականության կայունության եւ պատշաճ կառավարման ապահովմանը, հայկական ապրանքների մրցունակության բարձրավմանը, եւ ակտիվ աշխատանքային քաղաքականության առաջ մղմանը՝ հանուն բոլորի համար արդյունավետ եւ արժանի աշխատանքի,
- Ընդգծում են, որ ազնիվ եւ արժանապատիվ զբաղվածության աջակցության, արդար եւ ներառական տնտեսական աճի համար խիստ կարեւոր է ապահովել Աշխատանքի միջազգային կազմակերպության՝ աշխատանքի ոլորտում հիմնարար սկզբունքների եւ իրավունքների մասին 1998 թվականին ընդունված հռչակագրի լիարժեք եւ ֆունկցիոնալ իրականացումը, ինչպես նաեւ ՄԱԿ-ի թվակականի՝ կայուն զարգացման 2030թ. օրակարգը՝ ներառյալ ԱՄԿ-ի միջազգային աշխատանքային նորմերի եւ միջազգային համաձայնագրերի վավերացումն ու ներդրումը՝ համաձայն ՀԸԳՀ-ի 274 հոդվածի։
Այն պետք է ներառի սոցիալական երկխոսության բարելավումն ու ամրապնդումը՝ ներառյալ գործատուների (եւ կառավարության՝ որպես գործատու) եւ արհմիությունների միջեւ, պետական քաղաքականության նախաձեռնման, մշակման եւ իրականացման ժամանակ սոցիալական գործընկերների միջեւ արդյունավետ համագործակցությունն ու խորհրդակցությունները, ինչպես նաեւ աշխատողների իրավունքների հանդեպ գործատուների ներկայացուցիչների եւ պետական սուբյեկտների կողմից խախտումները կանխող եւ դատապարտող մեխանիզմների ստեղծումը: Լրացուցիչ քայլեր ձեռնարկել ԱՄԿ-ի առաջնային կոնվենցիաների վավերացման և արդյունավետ կիրարկման համար, օրինակ` աշխատանքային տեսչության համակարգի գործարկման միջոցով:
- Լուրջ մտահոգություն են հայտնում այն կապակցությամբ, որ աշխատավայրում աշխատանքի հիգիենայի եւ անվտանգության վերաբերյալ հրահանգների ժամկետների մոտարկումն ու իրականացումը դեռեւս որոշված չեն, եւ կոչ են անում Համաձայնագրի երկու կողմերին որքան հնարավոր է արագ ժամկետներ սահմանել,
- Հիշեցում են, որ արտահայտվելու ազատությունը մարդու հիմնարար իրավունքներից է, բացի դրանից, ուշադրություն են հրավիրում, որ Եվրամիության եւ եվրոպական արժեքների վարկաբեկմանն ողղված թշնամական քարոզչության պայմաններում կարեւոր է աջակցել ԶԼՄ-ների զարգացմանը՝ դրանց պատշաճ տեխնիկական հագեցվածության, անկախության եւ ինֆորմատիվության ապահովման համար,
- Ընդգծում են Եվրամիության միջնորդական առաքելության ջանքերի ակտիվացման անհրաժեշտությունը՝ Ղարաբաղյան հակամարտության համապարփակ եւ խաղաղ կարգավորման համար՝ հարգելով Հայաստանի տարածքային ամբողջականությունը, Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման եւ սեփական հայրենիքում առանց իրենց կյանքին, առողջությանը եւ գույքին սպառնացող վտանգի ապրելու իրավունքը՝ այդպիսով ապահովելով ամուր խաղաղություն եւ կայունություն Հարավային Կովկասում, որպես կարեւոր նախապայման բարեփոխումների եւ Հայաստանի եւ ԵՄ միջեւ երկկողմ համագործակցության զարգացման համար,
- Համաձայնագրի երկու կողմերին կոչ են անում ստեղծել համապատասխան մեխանիզմներ, որոնք Համաձայնագրի առավելությունները հասանելի կդարձնեն Լեռնային Ղարաբաղի տարածքում ապրող մարդկանց համար, ինչպես նաեւ պատասխանատվություն ստանձնել փոխգործակցելու քաղհաասարակության կազմակերպությունների հետ՝ վարչական սահմանից անդին։
- Ընդգծում են, որ երկխոսությունը եւ սոցիալական գործընկերությունը հանդիսանում են բարեփոխումների արդյունավետության կարեւոր նախապայման, եւ ողջունում են Հայաստանի կառավարության պարտավորությունը` նախանշված բարեփոխումների գործընթացում քաղհասարակության ներկայացուցիչների ընդգրկման, ինչպես նաեւ նրանց հետ խորհրդակցության համար։ Որպեսզի Պլատֆորմը կարողանա այդ հարցերում զգալի ներդրում ունենալ, առաջարկում են կառավարությանը եւ ԵՄ-ին ուղիներ գտնել Պլատֆորմի կայուն գործունեության համար անհրաժեշտ ֆինանսական եւ նյութատեխնիկական աջակցության ապահովման համար։
- Հիշեցնում են, որ անհրաժեշտ է Պլատֆորմին տեղեկացնել ԵՄ-Հայաստան գործընկերության խորհրդի որոշումների և առաջարկությունների մասին և ակնկալում կանոնավոր շփումներ Խորհրդարանական գործընկերության կոմիտեի և Գործընկերության կոմիտեի ներկայացուցիչների հետ:
Եվրամիություն-Հայաստան քաղհասարակության պլատֆորմը մարմին է, որը հիմնադրվել է Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական Միության միջեւ 2017 թվականի նոյեմբերի 24-ին Բրյուսելում ստորագրված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ- CEPA) 366 հոդվածին համապատասխան։
Այն հնարավորություն է տալիս երկու կողմերի քաղհասարակության կազմակերպություններին իրենց ներդրումն ունենալ Համաձայնագրի կիրարկմանը՝ քաղհասարակության գիտելիքներն ու փորձը որոշում կայացնողներին տրամադրելու, ՀԸԳՀ-ով նախանշված բարեփոխումները մշտադիտարկելու միջոցով, իրականացման ամբողջ ընթացքում տեղեկացնելով շահագրգիռ անձանց լայն շրջանակներին։