
ԵՄ երկրները դիտարկում են, թե ինչպես շրջանցեն Հունգարիայի հնարավոր վետոն և երկարաձգեն Ռուսաստանի դեմ պատժամիջոցները հուլիսի 31-ին կայանալիք քվեարկության ժամանակ։Այս մասին գրում է ֆրանսիական Le Monde թերթը։
Ըստ լրատվամիջոցի՝ վերջին շաբաթներին ԵՄ երկրները քննարկում են, թե ինչպես պահպանել հակառուսական պատժամիջոցների 16 փաթեթների ազդեցությունը։ Նրանք մտավախություն ունեն, որ Հունգարիան կօգտագործի իր վետոյի իրավունքը, և այդպիսով Ռուսաստանի դեմ ոլորտային պատժամիջոցները կդադարեն գործել։ Սահմանափակումների չեղարկումը կանխելու համար Եվրամիությունը կարող է Հունգարիայի վրա ճնշման տարբեր լծակներ կիրառել, նշում է թերթը։
Խոսքն առաջին հերթին քաղաքական ճնշումների մասին է։ Ինչպես հրատարակությանը հայտնել է անանուն եվրոպացի դիվանագետը, մինչ այժմ ԵՄ երկրները «հաշտարար դիրքորոշում են բռնել» Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի նկատմամբ։ Ըստ Le Monde-ի աղբյուրի՝ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հանդիպումներին Օրբանի դեմ «ոչինչ չի ասել», իսկ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին Հունգարիայի վարչապետը «կարծես դուր է գալիս»։
«Ֆրանսիան և Գերմանիան արդեն պետք է խստացնեն իրենց տոնայնությունը Հունգարիայի նկատմամբ»,- կարծում է դիվանագետը։
ԵՄ երկրների փոքրամասնությունը, այդ թվում՝ Բելգիան, առաջարկում է վկայակոչել Եվրամիության մասին պայմանագրի 7-րդ հոդվածը։ Այն թույլ է տալիս ԵՄ անդամ երկրին զրկել ձայնի իրավունքից օրենքի գերակայության սկզբունքների համակարգված խախտման դեպքում։ Սակայն նման որոշումը պետք է միաձայն ընդունվի ԵՄ մյուս բոլոր անդամների կողմից, մինչդեռ Սլովակիան հայտարարել է, որ երբեք չի աջակցի Հունգարիայի դեմ պատժամիջոցներին։
Օրբանի վրա ճնշում գործադրելու մեկ այլ տարբերակ է նոր ֆինանսական միջոցների ընդունումը։