Էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների համար գործող արտոնությունների ժամկետը կերկարաձգվի մինչև 2024 թվականի հունվարի 1–ը: Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը:
«Նախատեսվում է մինչև 2024 թվականի հունվարի 1-ը երկարաձգել բացառապես էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների՝ մասնավորապես մեծ, միջին փոքր ավտոբուսների, մարդատար տրանսպորտային միջոցների, մոտոցիկլետների և մոպեդների ներմուծման և օտարման համար գործող արտոնության ժամկետները»,-ասաց Գաբրիելյանը:
Հարկային օրենսգրքով սահմանված արտոնությանը զուգահեռ ներկայումս ԵԱՏՀ-ի որոշմամբ՝ մինչև 2021թ. դեկտեմբերի 31-ը էլեկտրական շարժիչով աշխատող մարդատար տրանսպորտային մեքենաների համար զրոյացվել են ներմուծման մաքսատուրքի դրույքաչափերը:



