ԱՄՆ-ը չպետք է պաշտոնական կապեր հաստատի Թայվան...

ԱՄՆ-ն որևէ պատրվակով չպետք է պաշտոնական շփումներ ունենա Թայվանի հետ, ներառյալ՝ դաշնային և տեղական իշխանությունների մակարդակով փոխգործակցությունը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գո Ծյակունը։

«Չինաստանը հետևողականորեն և վճռականորեն դեմ է արտահայտվում ԱՄՆ-ի և Չինաստանի Թայվան տարածաշրջանի միջև պաշտոնական շփումների ցանկացած ձևի։ Թայվանի հետ միայն ոչ պաշտոնական հարաբերություններ պահպանելը հստակ պարտավորություն է, որն ԱՄՆ-ն ստանձնել է Չինաստանի և ԱՄՆ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին կոմյունիկեում»,- ասել է դիվանագետը։ Նա Վաշինգտոնին կոչ է արել հավատարիմ մնալ «մեկ Չինաստանի» սկզբունքին ու չին-ամերիկյան երեք համատեղ կոմյունիկեներին, ինչպես նաև կատարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոստումները։ ԱԳՆ ներկայացուցչի խոսքով՝ ԱՄՆ-ն չպետք է «սխալ ազդակներ հղի» Թայվանի անկախության օգտին հանդես եկող ուժերին։
Մեկնաբանելով Թայվանից արևելք չինական առափնյա պահպանության իրականացրած պարեկության վերաբերյալ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և մի շարք այլ կողմերի հայտարարությունները՝ Գո Ծյակունը հայտարարել է, որ Չինաստանն այդ ջրային տարածքում ունի բացառիկ տնտեսական գոտի և մայրցամաքային շելֆ։ Արևմտյան երկրները ավելի վաղ հայտարարել էին, որ կղզու արևելյան ափերի մոտ ՉԺՀ-ի գործողությունները սպառնում են տարածաշրջանային կայունությանը և նավագնացության ազատությանը։

Դիվանագետի խոսքով՝ այդ շրջանում չինական գերատեսչությունների գործողությունները հանդիսանում են իրավազորության օրինական իրականացում, տարածաշրջանային կայունության և ծովային կարգուկանոնի պահպանում։ Նա դրանք անվանել է անդրսահմանային ծովային խնդիրներով մանիպուլյացիաներ անելու և ՉԺՀ ծովային իրավունքները խախտելու Ճապոնիայի ու Ֆիլիպինների փորձերին տրված անհրաժեշտ պատասխան։

1949 թվականին Չինաստանի քաղաքացիական պատերազմում պարտված Գոմինդանի ուժերը՝ Չան Կայշիի գլխավորությամբ, հաստատվել են Թայվանում, որն այդ ժամանակվանից ի վեր կառավարվել է սեփական վարչակազմի կողմից։ Թայբեյը մինչ օրս պահպանում է մինչկոմունիստական Չինաստանի Հանրապետության պետական ատրիբուտները։ Այդուհանդերձ, Պեկինի պաշտոնական թեզի համաձայն, որին աջակցում է նաև միջազգային հանրության մեծ մասը, կղզին հանդիսանում է ՉԺՀ շրջաններից մեկը։