Եթե ընտրությունների միջոցով չհաջողվի հեռացնել Փաշինյանին, նրա վերընտրվելու կամ վերարտադրվելու դեպքում նա կխստացնի իր քաղաքական ընդդիմախոսների դեմ բռնաճնշումները, և այսօր նա անում է այն, ինչով 2026 թվականի ողջ քարոզարշավի ընթացքում սպառնում էր իր հակառակորդներին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի անդամ, Ազգային ժողովի նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով ընդդիմադիրների բնակարաններում իրականացված խուզարկությունները, ձերբակալությունները և Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ դատախազության այսօրվա միջնորդությունը։
ՀՀԿ Գործադիր մարմնի անդամը ձեռնպահ է մնացել խորհրդարան անցած ընդդիմադիր գործընկերներին մանդատները վերցնելու կամ չվերցնելու վերաբերյալ հրապարակային խորհուրդներ տալուց՝ դա համարելով ոչ կոռեկտ, սակայն նկատել է, որ նրանցից շատերը համառորեն գնացել են 2021 թվականի ճանապարհով։ Նրա գնահատմամբ՝ ընտրություններում հաղթել, իհարկե, հնարավոր է, բայց միայն արդար, ազատ և հավասար պայմաններում, երբ չկան բռնաճնշումներ, անմեղության կանխավարկածի կոպիտ ոտնահարում և վարչական ռեսուրսի բացահայտ կիրառում, մինչդեռ անցած ժամանակահատվածում այս ամենը տեղի է ունեցել։ «Քանի դեռ չկա փողոցային ճնշում, քանի դեռ իշխանությունը դուրս չի եկել իր հարմարավետության գոտուց, և ընդդիմությունը չի սկսել խաղալ ընդդիմության կանոններով, իշխանափոխությունն անհնար է»,– ընդգծել է Էդուարդ Շարմազանովը՝ հավելելով, որ հիմա, ցավոք, բոլորը դեռ ենթարկվում են Փաշինյանի պարտադրած խաղի կանոններին և ընդամենը կարծիք են հայտնում նրա հարցազրույցների վերաբերյալ։ Որպես արդյունավետ քայլ՝ ԱԺ նախկին փոխխոսնակը կոչ է արել հնարավորինս լայնորեն կիրառել ու առաջ մղել իմպիչմենտի թեզը։
Մեկնաբանելով ընդդիմադիր դաշտում այս փուլում հնչող համախմբման կոչերը՝ Էդուարդ Շարմազանովը պարզաբանել է, որ ցանկացած միավորման հիմքում առաջին հերթին պետք է ընկած լինի գաղափարախոսությունը, քանի որ անձամբ իր համար ընդդիմադիր չէ ամեն ոք, ով պարզապես քննադատում է Նիկոլ Փաշինյանին։ Նրա խոսքով՝ այսօր գաղափարական միասնության միակ հարթակը պետք է դառնա արժեքային հստակ ջրբաժանը։ «Մի կողմում պետք է լինեն Հայաստանի անկախության, ժողովրդավարության և Երրորդ Հանրապետության պաշտպանները, մյուս կողմում՝ Հայաստանի «արևմտյան ադրբեջանական ժողովրդավարները»»,– պարզաբանել է ՀՀԿ Գործադիր մարմնի անդամը։ Նրա ձևակերպմամբ՝ սա սովորական կուսակցական բաժանում չէ, այլ պայքար՝ հանուն Հայաստանի արարման և ապագա ճակատագրի։



