
Եվրախորհրդի անդամ երկրների միջեւ տարաձայնությունները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով, բանակցությունների միջոցով։ Այս մասին հայտարարել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովին ուղղված նամակում։
«Ինչպես արդեն նշել եմ 2022 թվականի սեպտեմբերի 13-ի իմ հայտարարության մեջ, ինչպես նաեւ մեր հանդիպման ժամանակ, Եվրախորհրդի անդամ երկրների միջեւ տարաձայնությունները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով, բանակցությունների միջոցով։ Ձեր երկրի եւ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների վերջին ուղիղ շփումները խոստումնալից են եւ պետք է շարունակվեն։ Եվրոպայի խորհուրդը պատրաստ է աջակցել հաշտեցման ջանքերին, որոնք նպաստում են խաղաղ կարգավորմանը հասնելուն»,-ասել է նա։
«Մենք նախկինի պես կոչ ենք անում Հայաստանին եւ Ադրբեջանին ակտիվացնել ջանքերը՝ լարվածություն առաջացնող բոլոր հարցերը խաղաղ ճանապարհով եւ երկխոսության միջոցով լուծելու համար»,-հավելել է նա։
«Հաշվի առնելով վերջերս ստացված մտահոգիչ եւ ցնցող հաղորդագրությունները՝ իմ պարտքն եմ համարում ձեր նախարարությունից պահանջել մանրամասն եւ ճշգրիտ տեղեկատվություն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ եւ 3-րդ հոդվածներով նախատեսված մեղադրանքների առնչությամբ Ադրբեջանի իշխանությունների ձեռնարկած միջոցների վերաբերյալ: Խոսքս վերաբերում է վերջին տեսագրություններին, որոն ցույց են տալիս հայ ռազմագերիների նկատմամբ դաժան բռնություններ, այդ թվում՝ արտադատական մահապատիժներ։ Եվրոպական խորհուրդը ուշադրությամբ հետեւելու է այս հարցին՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով նախատեսված մանդատի համաձայն՝ երաշխավորելու, որ կազմակերպության չափանիշներն ամբողջությամբ պահպանվեն»,-հավելել է Մարիա Պեյչինովիչ Բուրիչը։