Ես կարող եմ առնվազն մասնակի բացատրել, թե ինչու են աշխատավարձի ցածր սեգմենտում աշխատողներին վերաբերող ցուցանիշները տեղաշարժվել։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 27–ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մի քանի պատճառ կա, նախ, համընդհանուր հայտարարագրման համակարգը, որը նաև հետվճար է ենթադրում, իսկ անկանխիկ վճարումներ անելու համար պետք է աշխատավարձերը կամ արտահայտված լինեն, այսինքն երևան։ Հաջորդը, անհուսալի վարկերի ծրագիրն է, հաջորդը մարդիկ տեսնում են, որ անկանխիկ առևտրի դեպքում մյուս տարվանից հետվճար է մտնելու և մարդիկ իրենց գործատուներին մղում են, որպեսզի նրանք ամբողջական աշխատավարձերը արտահայտեն տեսանելի, ոչ ստվերային կերպով։
Հաջորդը առողջապահության ապահովագրության համակարգ են մտնելու 200000 դրամ և բարձր աշխատավարձ ստացող մարդիկ։ Թվում է թե սոցիալական առումով սխալ կարող է դիտվել, որ 200 000 և ոչ թե 150 000, բայց մեր կանխավարկածն այն է, որ 150 000 դրամի սեգմենտում աշխատող բազմաթիվ աշխատողներ նաև աշխատավարձի ստվերային հատված ունեն և առողջապահության ապահովագրություն ստանալու բնական և մեր կողմից ողջունելի ցանկությունը նաև աշխատողներին մղում է, որպեսզի նրանք էլ իրենց հերթին գործատուներին մղեն, որ աշխատավարձերը արտացոլվի»,–ասաց նա։
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը փոձեց օրինակով հիմնավորել Փաշինյանի խոսքը. «Օրինակ հանրային սննդի կազմակերպման ոլորտում միջին աշխատավարձը 157 400 դրամ է։ Ակնհայտ է, որ այս ոլորտում, օրինակ, մատուցողները կամ ռեստորանային ոլորտի աշխատակիցները շատ ավելի բարձր են ստանում։ Մեր քաղաքականությունը պետք է ստիպի, որ այս թվերը հնարավորինս մոտենան իրականությանը»։



