ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին վերագրվող հայտարարու...

Հանրային շրջանառության մեջ հայտնվեց ձայնագրություն, որում ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Հ. Սինիրլիօղլուն, կարծելով, թե զրուցում է ՀՀ վարչապետի հետ, քննարկում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ներքին կյանքին և Ամենայն Հայոց Կաթողիկոսի պաշտոնանկությանն առնչվող հարցեր։

Հրապարակված ձայնագրությունում ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին վերագրվում են արտահայտություններ, որոնցով նա պատրաստակամություն է հայտնում աջակցելու Ամենայն Հայոց Կաթողիկոսի փոխարինմանը։ Եթե ձայնագրության իսկությունը հաստատվի, ապա լուրջ հարցեր է առաջանում ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի անաչառության, անկախության և կազմակերպության հիմնարար արժեքներին նրա հավատարմության վերաբերյալ։

Հստակ է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ընտրությունը և պաշտոնավարությունը բացառապես Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ներքին եկեղեցական-կանոնական իրավասության հարցեր են։ Դրանք չեն կարող որոշվել պետական իշխանության, քաղաքական ուժի, օտարերկրյա պաշտոնատար անձի կամ միջազգային կազմակերպության կողմից։

Ուստի որևէ իշխանության կողմից եկեղեցու պետի փոփոխության և Եկեղեցու ներքին կյանքին միջամտելու քայլերը չեն կարող ընկալվել որպես սովորական քաղաքական քննարկում։ Այն հարվածում է կրոնական համայնքի ինքնավարությանը և գնահատվում է արտաքին միջամտություն, ինչը անթույլատրելի է։

Եթե հրապարակված ձայնագրությունը վավեր է և էապես փոփոխված չէ, ապա դրանում ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին վերագրվող խոսքերը կարող են ստեղծել հիմնավոր տպավորություն, որ կազմակերպության բարձրագույն պաշտոնատար անձը պատրաստ է աջակցելու պետական իշխանությանը կրոնական համայնքի ղեկավարին փոխելու հարցում։ Անգամ եթե հետագայում ասվի, որ խոսակցությունը մասնավոր է եղել կամ արտահայտությունները գործնական հետևանք չեն ունեցել, այդ հանգամանքն ինքնին չի վերացնում անաչառության և անկախության վերաբերյալ առաջացած հիմնավոր կասկածը։

ԵԱՀԿ-ի փաստաթղթերը հստակորեն ճանաչում են կրոնի կամ համոզմունքի ազատությունը և կրոնական համայնքների ներքին ինքնավարությունը։

1975 թվականի Հելսինկյան եզրափակիչ ակտի VII սկզբունքը հաստատում է մտքի, խղճի, կրոնի և համոզմունքի ազատության նկատմամբ հարգանքը։

Առավել առարկայական է 1989 թվականի Վիեննայի եզրափակիչ փաստաթղթի 16.4-րդ կետը, որով մասնակից պետությունները պարտավորվել են հարգել կրոնական համայնքների իրավունքը՝ կազմակերպվելու իրենց հիերարխիկ և ինստիտուցիոնալ կառուցվածքին համապատասխան, ինչպես նաև ընտրելու, նշանակելու և փոխարինելու իրենց անձնակազմը՝ սեփական պահանջներին և չափանիշներին համապատասխան։

Այս դրույթը փաստացի նշանակում է, որ կրոնական համայնքի առաջնորդների ընտրությունը կամ փոխարինումը պետք է իրականացվի հենց տվյալ համայնքի ներքին կանոններին համապատասխան և ոչ թե արտաքին քաղաքական որոշմամբ։

Նույն սկզբունքներն ամրապնդված են 1990 թվականի Կոպենհագենի փաստաթղթում և ԵԱՀԿ Նախարարների խորհրդի՝ կրոնի կամ համոզմունքի ազատության վերաբերյալ թիվ 3/13 որոշման մեջ։

Կրոնական կազմակերպությունների ինքնավարության սկզբունքը ամրագրված է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքում։ Դատարանը բազմիցս ընդգծել է, որ կրոնական համայնքի ինքնավար գոյությունը ժողովրդավարական հասարակության բազմակարծության անհրաժեշտ բաղադրիչ է, իսկ պետությունը կրոնական հարցերում պետք է գործի որպես չեզոք և անաչառ կազմակերպիչ։

Պետության կողմից կրոնական համայնքի առաջնորդության հարցում որևէ կողմի նախապատվություն տալը, համայնքին որոշակի ղեկավարություն պարտադրելը կամ ներքին եկեղեցական վեճի ելքը քաղաքական միջոցներով որոշելը հակասում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 9-րդ հոդվածով պաշտպանված կրոնական ազատության չափանիշին։

Ակնկալում ենք, որ ԵԱՀԿ-ն հրապարակված նյութի վերաբերյալ կտրամադրի սպառիչ և արժանահավատ պարզաբանում, կապահովի ձայնագրության անկախ ստուգումը և անհրաժեշտության դեպքում՝ գլխավոր քարտուղարի վարքագծի անկողմնակալ քննությունը։

ԵԱՀԿ-ի հեղինակությունը կառուցված է մարդու իրավունքների, կրոնի ազատության, անաչառության և վստահության վրա։ Հետևաբար կազմակերպության ամենաբարձր պաշտոնատար անձին վերագրվող՝ կրոնական համայնքի առաջնորդի փոփոխությանը նպաստելու պատրաստակամությունը չի կարող մնալ անպատասխան։

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ներքին կյանքը քաղաքական գործարքների կամ արտաքին միջամտության դաշտ չէ։ Նրա հոգևոր առաջնորդի ընտրությունն ու պաշտոնավարությունը Հայ Եկեղեցու կանոնական իրավասության հարց են, և այդ իրավասության հարգումը ոչ միայն եկեղեցական պահանջ է, այլև միջազգային իրավական ու ժողովրդավարական կարգի հիմնարար չափանիշ։

 

Արթուր Պողոսյան