«Մայր Հայաստան» ժողովրդական շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Սեպտեմբերի 14–ից 18–ը գտնվելով Դոնեցկի և Լուգանսի ժողովրդական հանրապետություններում՝ «Մայր Հայաստանի» պատվիրակությունն ընդունելության արժանացավ պաշտոնական արարողակարգի բոլոր կանոններին համապատասխան։
Ե՛վ շարքային քաղաքացիների հետ շփումները, և՛ պաշտոնական հանդիպումներն անցնում էին ջերմ ու բարեկամական մթնոլորտում։ Դոնբասում մեզ հարազատաբար են ընդունել։ Մենք փոխեցինք այն տեսակետը, որ Հայաստանում բոլորը դեմ են հայ–ռուսական դաշնակցային հարաբերություններին։ Մարդիկ տեսան, որ Հայաստանը նաև այլ տեսակետ ունի, որը տարբերվում է պաշտոնական Երևանի տեսակետից։
Մեր այցն աննախադեպ իրադարձություն էր, որը հայտնվել էր միջազգային մամուլի և ռուսական ազդեցիկ լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։ Այցի մասին եղել են հազարավոր հրապարակումներ։ Պրոֆեսիոնալ մոնիտորինգը ցույց է տալիս, որ «Մայր Հայաստանի» հանդիպումների լուսաբանումը միայն համացանցում ընդգրկել է ավելի քան 140 միլիոնանոց լսարան՝ ամբողջ աշխարհով։ Դեռ հեռուստա և ռադիո լսարանը չենք հաշվում։ Տպագիր մամուլը՝ նույնպես։ Այցը լուսաբանվել է ռուսական, ամերիկյան, վրացական, եվրոպական, թուրքական, ադրբեջանական, ուկրաինական մեդիա–հարթակներում։ Դե բնականաբար նաև հայկական տիրույթում։
Մենք այնպիսի վայրում էինք գտնվում, որ բնական է, որ այնտեղից տրվող մեսիջները տեղեկատվական հսկայական հոսքեր են ապահովելու։ Խոսել ենք հայ–ռուսական հարաբերություններից, արցախահայության խնդիրներից և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերից։ Կոտրել ենք այն կեղծ թեզը, թե իբր դրսում Արցախի թեման փակ է։ Փակ չէ, դա սուտ է, հերթական նիկոլական սուտը։ Ռուսական լրատվամիջոցները, այդ թվում՝ պետական ԶԼՄ–ները լայնորեն տարածում էին արցախահայության՝ իր հայրենիք վերադարձի իրավունքի մասին հնչեցրած իմ հայտարարությունները։
Մամուլում արձագանքների 95 տոկոսից ավելին դրական են։ Ռուսական տիրույթում Հայաստանի մասին այսքան դրական արձագանք 2018–ից ու հատկապես 2022–ից հետո չէր եղել (ՀՀ օրվա իշխանության կողմից ՌԴ–ի հանդեպ բացահայտ թշնամական քարոզի մեկնարկը տրվեց 2022թ․ հոկտեմբերի 6–ից հետո, քանզի Փաշինյանը Պրահայում Արցախը հանձնելուց հետո սկսեց բաց քարտերով խաղալ թուրք–ադրբեջանական օրակարգով ու Արևմուտքի թելադրանքով)։ ՌԴ ԱԳՆ–ը պաշտոնական տեսակետն էլ էր մեր այցի վերաբերյալ դրական ու հայ–ռուսական հարաբերությունների համար դրական ֆոն ստեղծող։
Որպեսզի պատկերացնեք, թե ինչպիսի տեղեկատվական հոսքեր են ապահովվել, բերեմ ընդամենը մեկ օրինակ։ Երբ «Ռիա Նովոստին» իր տելեգրամյան ալիքում տվեց առաջին հանդիպման լուրը Դոնեցկի խորհրդարանում մեր ունեցած հանդիպման մասին, այն կայծակնային արագությամբ հարյուր հազարավոր դիտումներ ունեցավ։ Այս պահին այդ լուրն ունեցել է 775․600 դիտում (տե՛ս կից նկարը)։ Եվ դա ընդամենը մեկ լուրի մասին, իսկ այդպիսիք եղել են հազարավոր։ Պատահական չէ, որ «Յանդեքս» որոնողական համակարգում մեր այցը դարձել էր գլխավոր լուր։
Մի խոսքով, Դոնբասյան «ճանապարհորդությունը» շատ արդյունավետ էր և Հայաստանի համար օգտակար։ Այն ինչ փչացրել է օրվա իշխանությունը, մենք ամեն ինչ անում ենք, որ վերականգնվի, քանզի դա մեր երկրի անվտանգությանն է առնչվում և Հայաստանի շահերից է բխում։
Դոնեցկի Ժողովրդական Հանրապետություն
Դոնեցկում հանդիպեցինք տեղի հայ համայնքի ղեկավար Ազարյանին ու համայնքի մի շարք անդամների, եղանք հայկական Սուրբ Խաչ եկեղեցում և մասնակցեցինք Խաչվերաց տոնին։ Մեսրոպ Մաշտոցի նկարն էլ որպես հիշատակ նվիրեցինք եկեղեցուն։
Հանդիպումների շարքը Դոնեցկում այսպիսին էր․ ԴԺՀ ղեկավար Պուշիլինին, խորհրդարանական պատվիրակություն՝ «Եդինայա Ռոսիա» խմբակցության ղեկավար Սկորոխոդովի գլխավորությամբ, ՌԴ նախագահի հովանու ներքո գործող երիտասարդական կազմակերպություններ (պայմանավորվածություն ձեռք բերեցինք «Մայր Հայաստանի» երիտասարդական թևի հետ համատեղ ծրագրեր իրակացնել)։ Հումանիտար օգնություն արյան փոխներարկման հիվանդանոցին, ինչպես նաև պատերազմի արդյունքում տեղահանվածներին, այդ թվում՝ փոքրիկ երեխաներին։
Հյուրընկալվեցինք ռադիո «Կոմետայում» և Դոնեցկի պետական հեռուստառադիոյում։
Բազմաթիվ հարցազրույցներ, հեռախոսազանգեր, շնորհավորանքներ, ձեռքսեղմումներ։ Նման գրաֆիկով մեկ էլ անցած տարի ենք աշխատել՝ նախընտրական փուլում։
Լուգանսկի Ժողովրդական Հանրապետություն
Լուգանսկում ավելի հագեցած էր հանդիպումների շարքը։ Հանդիպում հայ համայնքի հետ՝ Հայրապետյանի գլխավորությամբ։ Այցելություն հայկական եկեղեցի, հայկական «Ուրարտու» կենտրոն։ Իսկ երեկոյան ընթրիք հայ համայնքի հետ։ Հայկական հյուրասիրություն ․․․
Հանդիպումների պաշտոնական մասը․ ԼԺՀ ղեկավար Պասեչնիկ, խորհրդարանի խոսակ Միրոշնիչենկո և խորհրդարանի բոլոր խմբակցությունների ներկայացուցիչներ։
Այց Լուգանսկի պատմության թանգարան։ Մեր ընդհանուր անցյալին, մասնավորապես՝ 2–րդ համաշխարհային պատերազմին վերաբերող բազմաթիվ նյութեր կային։ Հիշեցի, որ դպրոցում պիոներ եմ եղել։
Լուգանսկում նույնպես երիտասարդական կազմակերպությոթյունների հետ հետաքրքիր քննարկում ունեցանք ու որոշեցինք Հայաստանի և Ռուսաստանի երիտասարդների ներգրավմամբ համատեղ նախագծեր իրականացնել։
Լուգանսկի Մ․ Մատուսովսկու անվան մշակույթի և արվեստի պետական ակադեմիային գրքեր հանձնեցինք, ինչի համար կրթօջախի ռեկտորն ու Լուգանսկի կրթության նախարարը անչափ շնորհակալ էին։
Ուշագրավ է, որ Ակադեմիայում հատուկ մեր այցի համար ժամանակից շուտ յուրահատուկ ցուցահանդեսի բացում էին կազմակերպել (ցուցահանեսը պետք է երկու օր հետո լիներ, բայց երբ ակադեմիայում իմացել էին մեր պատվիրակության այցի մասին, բոլոր ջանքերը ներդրել էին, որպեսզի բացումը շուտ լինի․ ստախանովյան ոճով։))) )։ Ի դեպ, հրաշք ստեղծագործությունների հեղինակը հայազգի Արևիկ Մալխասյանն է, ով նաև ակադեմիայում դասավանդում է։
Ահա այսպիսին էր մեր այցը, որի քաղաքական, աշխարհաքաղաքական և այլ ասպեկտների մասին կխոսենք «Սպուտնիկ Արմենիայի» մեդիա սրահում սեպտեմբերի 23–ին, ժամը 12։00–ին կայանալիք մամլո ասուլիսի ժամանակ։