Դմիտրի Մեդվեդևը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան

«Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և կմասնակցի Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի նիստին»,-լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ նշելով, որ հայ–ռուսական հարաբերությունները համապատասխանում են երկու ժողովուրդների շահերին.«Ես վստահ եմ` մեր ժողովուրդներն ու մեր երկրների ղեկավարները լիովին գիտակցում են, որ մեր երկրների միջև եղբայրական դաշնակցային հարաբերությունները համապատասխանում են մեր ժողովուրդների կենսական շահերին։ Պետք է ասեմ, որ սպասում ենք Դմիտրի Մեդվեդևի այցին Երևան` ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու համար»։

Կոպիրկինը նշեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումները ոչ միայն երկկողմ ձևաչափով, այլ նաև ինտեգրացիոն միավորումների շրջանակում, կանոնավոր բնույթ ունեն.«Մեր հարաբերությունների հիմքը չի փոխվել և համապատասխանում է երկու կողմի հայտարարություններին»։

Մեդվեդևի այցի օրակարգը դեռ հայտնի չէ, բայց, ամենայն հավանականությամբ, կընդգրկի հարցերի լայն շրջանակ` սկսած երկկողմ հարաբերություններից մինչև ԵԱՏՄ շրջանակում ծրագրեր։