Դեղին քարտ՝ քաղաքապետին

Այսօր Երևանի քաղաքապետարանի մոտ բողոքի ակցիա էր իրականացնում ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեն: Ցուցարարների խոսքով՝ եկել էին դեղին քարտ ցույց տալու քաղաքապետ Հայկ Մարությանին: 

Նրանց բերած պաստառներին գրված էին Երևանի քաղաքապետի նախընտրական խոստումները, որոնք, ըստ ակցիայի մասնակիցների, չեն կատարվել։

Քաղաքապետարանի մոտ անցկացվող ակցիայի մասին հարցերին պատասխանեց քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը, ով նշեց՝  խնդիր չեն տեսնում ակցիայի մեջ, քանի որ բողոքավորները կարող են իրենց բողոքն արտահայտել ցանկացած ձևով։ Հնչեցված մտահոգություններում ներկայացված տվյալներն էլ Կարապետյանը համարեց ապատեղեկատվություն։

«2019 թվականի քաղաքային բյուջեով վերելակների նորոգման համար նախատեսվել է 120 միլիոն 779 հազար դրամ»,-ասաց նա՝ անդրադառնալով բողոքի ակցիայի մասնակցի այն հայտարարությանը, թե քաղաքային իշխանությունը վերելակները նորոգելու փոխարեն 71 միլիոն դրամով կրճատել է դրան հատկացվելիք գումարը: