Դեսպան Տիգրան Մկրտչյանն իր հավատարմագրերն է հ...
Կիպրոսում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանն իր հավատարմագրերն է հանձնել Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադեսին։ Այս մասին հայտնեցին Հունաստանում Հայաստանի դեսպանությունից: 
Կիպրոսի Հանրապետության նախագահի նստավայրում տեղի ունեցած Կիպրոսում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դեսպանների, ինչպես նաև գերագույն հանձնակատարների հավատարմագրերի հանձնման պաշտոնական արարողության ընթացքում Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադեսն իր խոսքում նշել է, որ այս տարի լրանում է Կիպրոսի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը և անդրադարձ կատարել երկու ժողովուրդների ու երկրների՝ ընդհանուր ժառանգության և պատմական կապերի վրա հիմնված բարեկամությանը։
Նախագահ Անաստասիադեսն ընդգծել է, որ այդ երեսուն տարիների ընթացքում երկու երկրները բավական աշխատանք են իրականացրել` ստեղծելու ինստիտուցիոնալ ամուր շրջանակ, որի հիման վրա այժմ կարող են առկա համագործակցությունն ավելի ընդլայնել: Իր խոսքում նախագահն անդրադարձել է նաև Կիպրոսում բնակվող հայերին` ընդգծելով կիպրահայերի գործնական ներդրումը և ավանդը Կիպրոսի հասարակության մեջ, կարևորել կիպրահայերի դերը երկու երկրների միջև եղբայրական կապերը վառ պահելու գործում:
Իր հերթին դեսպան Մկրտչյանը փոխանցել է նախագահ Անաստասիադեսին իր ուղերձը, որտեղ մասնավորապես նշվում է հետևյալը.
«Հայաստանը և Կիպրոսը բնական դաշնակիցներ են, իսկ հայ-կիպրական հարաբերությունները բնորոշվում են ամուր պատմական կապերով և շատ խորն ու փոխադարձ հարգանքով։ Մշակույթի, արժեհամակարգի ու ընկալումների ընդհանրությունները ամուր հիմք են հանդիսացել հայ-կիպրական դարավոր բարեկամության համար։ Մենք դիմակայել ենք նույն սպառնալիքներին, պատմության ընթացքում ունեցել ենք նմանատիպ կորուստներ, ենթարկվել նմանատիպ տառապանքների և պատմության դժվար պահերին միշտ սատարել ենք միմյանց:
Կիպրոսը Եվրոպայում առաջին երկիրն էր, որը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, Կիպրոսն այն պետությունն է, որը 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո կանգնած է Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի կողքին, այն երկրին է, որը ինչպես 2020 թվականի հոկտեմբերին, այնպես էլ՝ 2021 թվականի դեկտեմբերին դատապարտել է ագրեսիան` միջազգայնորեն լիազորված գործող ձևաչափերի շրջանակներում և միջազգային հայտնի նորմերի և սկզբունքների հիման վրա խաղաղ կարգավորման կոչեր անելով։
Այս տարի մենք նշում ենք Հայաստանի և Կիպրոսի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ Մեր կառավարությունների և խորհրդարանների երկկողմ հարաբերությունները կարելի է բնութագրել մեկ բառով՝ գերազանց։ Օրինակելի է նաև բազմակողմ համագործակցությունը տարբեր միջազգային ձևաչափերում։
Մեր երկրների միջև հարաբերությունների հետագա ամրապնդման գործում կցանկանայի հատկապես ընդգծել Կիպրոսի հայ համայնքի անգնահատելի դերը, որն օրինակելի կամուրջ է հանդիսանում հարաբերությունների ամրապնդման գործում: Կիպրոսի հայերը` որպես Կիպրոսի հասարակության անբաժանելի մաս, իրենց ներդրումն ունեն Կիպրոսն ավելի ուժեղ, գրավիչ, բարգավաճ և հաջողակ դարձնելու գործում: Կարևորում եմ Կիպրոսի դերը` ջարդերից և ցեղասպանություններից մազապուրծ հայերին ապաստան տալու հնարավորության համար` հոգալով նրանց բարօրությունը, երաշխավորելով կրոնական ու այլ իրավունքները։
Օգտվելով առիթից` ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Կիպրոսի ներկայացուցիչների պալատում կիպրահայ համայնքի պետական ներկայացուցիչ Վարդգես Մահտեսյանին, ով այսօր այստեղ է մեզ հետ՝ Հայաստանի և Կիպրոսի մերձեցման գործում իր բացառիկ դերակատարության համար»։