Համատեղության կարգով Սլովակիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան (նստավայրը՝ Վիեննա) Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Սլովակիայի նախագահ Պետեր Պելեգրինիին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Արարողությանը հաջորդած կարճատև զրույցի ընթացքում նախագահ Պելեգրինին շնորհավորել է դեսպան Հովհաննիսյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություն և երկու երկրների հարաբերությունների զարգացմանն ուղղված արդյունավետ գործունեություն։
Դեսպան Հովհաննիսյանը, երախտագիտություն հայտնելով ջերմ բարեմաղթանքների համար, պատրաստակամություն է հայտնել ջանքեր գործադրել Հայաստանի և Սլովակիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում փոխգործակցության խորացման ու ընդլայնման ուղղությամբ։



