Վարչապետի հայտարարությանը պետք է հաջորդեր կոն...

Politik.am-ի զրուցակիցը քաղաքագետ Դերենիկ Մալխասյանն է: Զրուցել ենք Հայաստան-Արցախ հարաբերություններում հնարավոր լարվածության և վերջինս անցկացնելու հնարավոր ուղիների մասին:

-Պարո՛ն Մալխասյան, վերջերս բազմաթիվ են քննարկումները, թե լարվածություն կա Հայաստան-Արցախ հարաբերություններում: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ օրերս խոսեց դավադիր պատերազմի մասին: Ի վերջո, Դուք այդ հարաբերություններում լարվածություն նկատու՞մ եք:

Լարվածություն կա ոչ թե Հայաստան-Արցախ հարաբերություններում, այլ Հայաստանի իշխանությունների ու Արցախի իշխող քաղաքական կամ ռազմական էլիտայի միջև: Փաշինյանի հայտարարությունը դրա վառ վկայությունն է: Պարզապես Փաշինյանի նման հայտարարությունից հետո պետք է հետևեին շատ կոնկրետ գործողություններ, պետք է բացահայտվեին այն մարդիկ, որոնց մասին խոսում է վարչապետը:  Դրան անմիջապես պետք է հաջորդեին կոնկրետ գործողություններ ու պլաններ: Չէ՞ որ նման հայտարարություններ անելով, բայց անուններ չտալով, չկոնկրետացնելով, հիմա այդ հայտարարությունը լսողները Արցախի իշխանության յուրաքանչյուր մեկի վրա նման բան կասկածում են: Մեկը մտածում է՝ Բակո Սահակյանն է, մյուսը՝ մեկ այլ գեներալ է, և այլն: Այսինքն՝ Փաշինյանի կողմից շատ տարօրինակ հայտարարություն էր, ինչը չի նպաստում փոխվստահելի հարաբերությունների ձևավորմանը Հայաստանի ու Արցախի իշխանությունների միջև: Ինչու եմ ասում՝ փոխվստահելի, որովհետև դե յուրե գտնվելով պատերազմական իրավիճակում՝ Արցախի իշխանությունների համար այստեղ պետք է լինեն վստահելի իշխանություններ, և հակառակը: Արցախի կողմից ևս նմանատիպ հայտարարություններ հնչել են, ինչը ամենևին էլ չի խոսում երկկողմ փայլուն հարաբերությունների մասին: 

-Մայիսի 28-ին՝ Հանրապետության օրը, առաջին անգամ Արցախի ղեկավարությունը Հայաստանից պաշտոնական հրավեր չէր ստացել, և չմասնակցեց տոնական միջոցառումներին: Արդյո՞ք սա հնարավոր լարվածության ապացույցներից մեկն է:

Իմ կարծիքով՝ Արցախի իշխանություններին հրավիրել մոռանալը անփութության նշան կլիներ: Միտումնավոր մոռանալը էլ ավելի մեծ խնդիր է առաջացնում: Հանրապետության տոնին Արցախի իշխանություններից մարդ չհրավիրելը անհասկանալի է:

-Դուք ինչպե՞ս եք պատկերացնում իրավիճակի լուծումը: Կա՞ն կոնկետ քայլեր և ո՞ր կողմից պետք է լինեն:

Երկու կողմից էլ պետք է լինեն քայլերը՝ թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի իշխանությունների: Ի վերջո, մենք հիշում ենք նման իրավիճակ, երբ Արցախում ՀՅԴ-ն էր, Հայաստանում՝ ՀՀՇ-ն: Խնդիրը հանգուցալուծվեց այն ժամանակ, երբ Արցախում իշխանության եկան այնպիսի մարդիկ, որոնք կարողանում էին լեզու գտնել Լևոն Տեր-Պետրոսյանի հետ: Իմ կարծիքով՝ սցենարը կարող է լինել այնպես, որ Արցախում տեղի ունենա իշխանափոխություն, որտեղ Փաշինյանի իշխանության հետ լեզու գտնելու ընդունակ քաղաքական էլիտա կգա: Բայց, համենայնդեպս, շատ դժվար կլինի: Չեմ կարծում, թե կարող է սահուն տեղի ունենալ այդ ընթացքը: Արցախում ներիշխանական քաղաքական խմորումներ կարող են տեղի ունենալ. դրանք հիմա էլ տեղի են ունենում: Արցախի իշխանությունների կողմից հնարավոր լուծումն այդ տարբերակով է, իսկ Հայաստանի իշխանությունների կողմից, չեմ կարող ասել՝ ինչը կարող է լինել, քանի որ ռազմականացված իրավիճակում, երբ այնտեղ կա բավականին ուժեղ ռազմաքաղաքական էլիտա, որը բավականին ռեսուրսների է տիրապետում, Հայաստանի կենտրոնական իշխանությունները կարող են անհանգստության տեղիք ունենալ:

-Հնարավոր լարվածության ֆոնին ի՞նչ կասեք, օրինակ, «Սասնա Ծռեր»-ի՝ Արցախը Հայաստանի մարզ ճանաչելու նպատակով ավտոերթի մասին: Ինչու՞ են Արցախի՝ մարզ ճանաչվելու մասին խոսակցությունները հիմա ավելի ակտիվ, քան առաջ էին:

Չեմ կարծում, թե հիմա ավելի են ակտիվացել: Առաջ էլ նման խոսակցություններ կային, պարզապես հիմա «պարարտ հող» կա նման խոսակցություններ վարելու համար՝ Արցախում սպասվում են նախագահական ընտրություններ, և ճիշտ ժամանակն է այս թեման օրակարգային հարց դարձնելու համար: Խնդիրն այն է, որ այս հարցի շուրջ տարբեր տեսակետներ կան՝ ամենազիջողականից մինչև ամենապահանջատիրական: Հայաստանի իշխանությունների քաղաքական էլիտայի խնդիրը Արցախի հետ կապված այնպիսի օրակարգ ձևավորելն է, որը ընդունելի կլինի բոլոր կողմերի նհամար: Այդպիսի օրակարագ առաջ էլ չկար, հիմա էլ չկա: Պետք է ժողովրդավարական սկզբունքներից ելնելով ընդունելի տարբերակ մշակել: Պետք է որոշում կայացնողը ժողովուրդը լինի, բայց, մյուս կողմից էլ, ժողովուրդը «որոշում է» այն, ինչն առաջ է տանում իրեն դուր եկած քաղաքական թևը, կամ ինչպիսի պատկերացում տալիս են ԶԼՄ-ները: Արդյունքում, ժողովրդի համար դժվար է հասկանալ՝ ո՞րն է ճիշտ, ո՞րը՝ սխալ: Այս իրավիճակում ամեն մարդ, ով ունի ինֆորմացիոն ռեսուրս, սկսում է իր օրակարգը առաջ բերել: Թե դա ինչքանո՞վ կազդի Հայաստանի և Արցախի իշխանությունների միջև լարվածության խորացմանը, ինչքանո՞վ կնպաստի Արցախում քաղաքական իրավիճակի բարելավմանը, դժվար է ասել:

Մարիամ Սարգսյան