Վրաստանի Արտաքին գործերի նախարարությունը Դավիթ Գարեջիում ստեղծված նոր զարգացումների վերաբերյալ հայտարարություն է տարածել:
«Ընթացիկ տարվա հուլիսի 14-ին Վրաստանի և Ադրբեջանի սահմանին գտնվող Դավիթ Գարեջիի վանական համալիրում ցավալի միջադեպ է տեղի ունեցել, որի ընթացքում ընդհարում է գրանցվել տեղի բնակիչների և ադրբեջանցի սահմանապահների միջև» — ասված է երկրի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարությունում, փոխանցում է aliq.ge լրատվականը:
ԱԳՆ-ն նշում է նաև, որ Վրաստանի համապատասխան գերատեսչությունների արձագանքման արդյունքում իրավիճակը հանդարտվել է:
«Նմանատիպ միջադեպերը չեն համապատասխանում մեր երկրների միջև առկա ռազմավարական, գործընկերային հարաբերություններին: Հենց այդ պատճառով անհրաժեշտ է, որպեսզի ժամանակին ընթանա փորձագիտական խմբերի և սահմանազատող խմբերի հանձնաժողովների հանդիպումները, ինչի համար վրացական կողմը հայտնում է իր ողջ պատրաստակամությունը», — ասված է Վրաստանի ԱԳ նախարարության հայտարարությունում:



