Դավաճանություն է. Արշակ Սրբազանը՝ Փաշինյանի հ...

Արդյոք մեր եկեղեցականների նկատմամբ, որոնք հայտարարություն են արել, իրենց նկատմամբ շանտաժ կիրառվել է. Անկեղծ ասած, չգիտեմ, բայց ցանկացած սցենարի դեպքում նման կեցվածք որդեգրելն ուղղակի դավաճանություն է։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 1–ին, մամուլի ասուլիսում նշեց Արշակ Սրբազանը՝ անդրադառնալով եկիսպոկոսների հայտարարությանը, որտեղ նրանք պահանջում են Արշակ Սրբզանին հեռացնել Մայր Աթոռից և կասեցնել առժամանակ նրա գործունեությունը։

«Դավաճանությունը մեր խոստովանությունների մեղքերի ցուցակում չկա արձանագրված որպես մեղք, որովհետև դավաճանությունը հավաքաբար խորհրդանշում է այդ բոլոր մեղքերի ամբողջությունը։ Դավաճանությունը ուխտադրժություն է։

Ես երեք ասպեկտ եմ տեսնում. մարդիկ դավաճանել են ոչ միայն Աստծուն, ոչ միայն եկեղեցուն, այլ դավաճանել են իրենք իրենց, դավաճանել են այն ամենին, ինչը որ պատկանում է իրենց անցյալին, այն ամենին, ինչին իրենք հավատում են։ Դա ուղղակի ինքնաժխտում է, ժխտել սեփական կենսագրությունը, ժխտել սեփական պատկանելությունը։ Իսկ կանոնական լեզվով ասած դա նաև հերձված է, հերձվածողության դասական օրինակ։

Մեզ երբեմն թվում է, որ պատարագի ժամանակ կաթողիկոսի անվան հիշատակությունը պարզ մի պատարագի հատվածի զեղչում է, դա իրականում դա ժխտում է նվիրապետական կարգի, դա ժխտում է եկեղեցական իշխանության, դա ժխտում է սեփական պատկանելության։ Դա նշանակում է դու եկեղեցու պատկանելիությունից քեզ դուրս ես դնում, նշանակում է առանձին կրոնական հաստատություն, կրոնական ուղղություն հիմնելու հայտ ես ներկայացնում։

Բայց սա դեռ բավարար չէ, այդ հայտը դու ներկայացնում ես ապավինելով այնպիսի քաղաքական իշխանության աջակցությանը, որը ըստ էության չունի որևէ լեգիտիմ ինքնություն, որքան էլ բարձրագոչ թափահարեն ժողովրդի կողմից ընտրված լինելու հանգամանքը»,–ասաց նա։

Արշակ Սրբազանի խոսքով, այն անձինք, որոնք գործակցության հայտ են ներկայացնում այսօրվա իշխանության հետ, նրանք կիսում են նրանց քայքայիչ պետականաքանդ գործունեության պատասխանատվությունը։

«Ընդամենը դա դավաճանություն է։ Ես չգիտեմ՝ սպառնալիքներ են եղել, սեփական համոզումներից ելնելով են այդպիսի քայլ կատարել, որոշակի նախապատմություններից, նախասիրություններից, այսօրվա իշխանավորների նկատմամբ անզսպելի սիրո զգացումներից, չգիտեմ, դժվարանում եմ ասել։ Չեմ փորձել ճշտել և դա բացարձակապես ինձ համար կարևոր չէ։ Անկախ նրանից, թե ինչ գործոնների ազդեցության տակ է կատարվել այդ գործողությունը, գործողության բնութագիրը չի փոխվում»,– հայտարարեց նա։