Դատավորի վճռից ակնկալիք չունեմ, բայց շատ կուզ...

Իշխանությունները մանիպուլյացիա են անում՝ ասելով՝ տեսեք Սամվել Կարապետյանը դատի է տալիս պետության։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 18–ին, դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ՀԷՑ–ի նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ՀԾԿՀ երեկվա որոշումից հետո որոնք են լինելու իրենց քայլերը։

«Մենք երբևիցե չենք նույնականացրել իշխանությանը պետության հետ։ Այս ամեն ինչը մենք անում ենք իշխանության դեմ, այլ խնդիր է, որ հետո Սամվել Կարապետյանը միանձնյա պետք է որոշի՝ հաղթած քեյսերի հետ ինչ պետք է արվի։ Մենք մեր պայքարը շարունակելու ենք, որովհետև բացահայտ անարդարություն է  տեղի ունենում։

Երևի թե պարոն Կարապետյանը ինձնից կնեղանա, որ ես դա ասում եմ, բայց խոսակցությունների մակարդակով տեղեկացվել եմ, որ Սամվել Կարապետյանը ամեն դեպքում մտածում է ոչ թե իր ակտիվի մասին, այլ ասել է, որ մենք միևնույն է պետք է պայքարենք, որովհետև ՀԷՑ–ը վերաբերվում է ամբողջ ազգին, և սրանք ՀԷՑ–ը բերելու են այն վիճակին, որ տուժելու է ամբողջ ազգը, հենց դրա պատճառով էլ պայքարելու ենք»,–ասաց նա։

Նշենք, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն (ՀԾԿՀ) իր երեկվա՝ նոյեմբերի 17–ի, նիստում որոշում կայացրեց չեղյալ հայտարարել ՀԷՑ–ի՝ «Տաշիր կապիտալ» ընկերությանը տրված լիցենզիան։ Որոշմանը կողմ է քվեարկել ՀԾԿՀ 4 անդամ, դեմ՝ մեկը։ Դեմ քվեարկողը ԱԺ նախկին պատգամավոր, ՀՅԴ նախկին անդամ Արա Նռանյանն է։