Դատարկության պատմական այցը կամ ինչն է միավորո...

Օրերս ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Արմեն Սարգսյանը այցելել է Սաուդյան Արաբիա։ Նախագահի աշխատակազմն իր տարածած հաղորդագրություններում այցը որակում է, որպես պատմական։ Այցը որպես այդպիսին առաջին անգամ  է և տեսականորեն կարելի է պատմական որակել, բայց հաշվի առնելով Արմեն Սարգսյանի անձը և իր ազդեցությունը Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական կյանքում՝ այցը կարելի է որակել, որպես զբոսաշրջային։

Արմեն Սարգսյանը զրո ազդեցություն ունի Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգերի վրա, ավելին, նա զրո հեղինակություն ունի երկրի ներսում ու դժվար է պատկերացնել, որ դրսի որևէ ազդեցիկ խաղացող սա հաշվի չի առնում և կարող է իրեն թույլ տալ լուրջ պայմանավորվածություններ ունենալ նման գործչի հետ։

Շատերի համար զարմանալի կերպով Արմեն Սարգսյանի այցն իր աշխատակազմի հետ համահավասար պատմական են որակում «Սասնա Ծռեր» խմբավորման անդամները։ Վարուժան Ավետիսյանն իր անձնական էջում կիսում է բոլոր հաղորդագրությունները նախագահի աշխատակազմից տարածվող, ԱԺԲ անդամ Հայկ Մարտիրոսյանը պատմական այց է որակում Արմեն Սարգսյանի այցը։

Մի կողմ թողնենք այն, որ քաղաքական դատարկության այցը, եթե անգամ այն Աստծո նստավայր լինի՝ չի կարող պատմական լինել, անհասկանալի է, թե ինչն է միավորում «Սասնա Ծռերին» և նախագահ Արմեն Սարգսյանին։ Ի վերջո, այս քաղաքական միավորի ներկայացուցիչները մերժում են նախկինի հետ կապված ամեն բան, իսկ Արմեն Սարգսյանը նախկինների բերած նախագահն է, ընդ որում, ոչ լեգիտիմության ռումբը տակը դրած (խոսքը քաղաքացիության պահանջին չհամապատասխանելու մասին պնդումներն են), հրապարակային պնդումներ կան նաև Արմեն Սարգսյանի բրիտանական գործակալ լինելու մասին, որոնք առ այսօր չեն հերքվել։ Փաստորեն նախկին և անօրեն ամեն բան չէ, որ մերժելի է «Սասնա Ծռերի» համար։ Հետաքրքիր արձանագրում էր։