
Դատական համակարգը Եվրոպայում լի է մարտահրավերներով, որոշ երկրներում այն հայտնվել է օրենսդիր և գործադիր իշխանությունների արանքում, որոնք օգտագործում են իրենց ազդեցությունը՝ փորձելով վերահսկել դատական համակարգը։
Այդ կարծիքը Երևանում կայացած համաժողովում հայտնեց Դատավորների եվրոպական միության նախագահ Միքայել Սյոբերգը։
«Մեր կառույցի նպատակն է ուժեղացնել դատական համակարգը կազմակերպության անդամ երկրներում, ինչպես նաև նպաստել դատական համակարգի անկախությանն ու անկողմնակալությանը։ Դատավորների եվրոպական միությունն ունի 44 անդամ և համարվում է մասնագիտական խոշորագույն կառույցներից մեկը։ Մեր համաժողովների շրջանակում անդամ պետությունների ազգային միությունները շարունակաբար խնդրում են աջակցել իրենց՝ դատական համակարգի անկախության համար մղվող պայքարում, թեև մենք ոչ այնքան նախաձեռնող, որքան արձագանքող կառույց ենք։ Կարող ենք աջակցել համապատասխան բանաձևեր ընդունելով, որոնցում ընդգծում ենք առկա խնդիրներն ու բարձրաձայնում ազգային միությունների մտահոգությունները»,- ասաց Սյոբերգը։
Նա հավելեց, որ այդ նպատակով ունեն մշտական աշխատանքային խմբեր, որոնք իրականացնում են համապատասխան մոնիթորինգային աշխատանքներ։ Նրանք սերտորեն համագործակցում են շահագրգիռ բոլոր կողմերի հետ, որոնք զբաղվում են օրենքի և իրավունքի գերակայությանն առնչվող հարցերով։
«Ստեղծել ենք հարաբերություններ ԵՄ-ի հետ, աշխատում ենք օրենքի գերակայությանն առնչվող տարեկան զեկույցի վրա։ Աշխատանքային խումբը նախագծի վրա սկսել է աշխատել նախորդ տարվանից։ Խմբի ներկայացուցիչներն իրենց երկրներին առնչվող հարցաշարեր են լրացրել՝ առանձնացնելով հիմնական խնդիրները, որոնք վերաբերում են բոլորին։ Դատական համակարգը Եվրոպայում լի է մարտահրավերներով։ 2016 թվականին վատագույն օրինակը գրանցվեց Թուրքիայում, որտեղ հազարավոր դատավորներ հեռացվեցին աշխատանքից և բանտարկվեցին մեկ օրվա ընթացքում։ Թուրքիայի դատավորների միությունը, ցավոք, լուծարվել է կառավարության որոշմամբ»,-տեղեկացրեց Սյոբերգը։
Նրա դիտարկմամբ՝ պատահական չէ, որ ԵՄ-ին անդամակցելու կարևորագույն պայմաններից մեկն իրավունքի գերակայության ապահովումն է։ Նա հայտնեց, որ երևանյան համաժողովի ընթացքում կընդունվեն կարևոր բանաձևեր, որոնցից մեկը վերաբերում է Հայաստանին և առանչվում է կարգապահական վարույթներին ու դատավորների գործունեության չարաշահումներին։
«Մեր կառույցի շրջանակում կա ակտիվ համագործակցության կարիք, ուստի մենք կարող ենք անդամ պետություններին միշտ օգտակար լինել, եթե նրանք ապավինեն մեր աջակցությանը»,-եզրափակեց Միքայել Սյոբերգը։