Դատական գործերի մակագրման համակարգի առգրավված բանալիները վերադարձվել են Դատական դեպարտամենտին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Քանի որ դատական գործերի համակարգչային մակագրման համակարգի գործողությանը միջամտության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործի նկատմամբ լայն հանրության և մասնագիտական շրջանակների հետաքրքրությունը մեծ է, տեղեկացնում եմ հետևյալը.
Հաշվի առնելով դատական գործերի համակարգչային մակագրման համակարգի կարևոր նշանակությունը արդար դատաքննության ապահովման համար՝ ՀՀ դատախազությունն անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկել քննությանն անհրաժեշտ տվյալները հնարավորինս սեղմ ժամկետում ստանալու և համակարգի գործարկման խոչընդոտները բացառելու ուղղությամբ։
Մասնավորապես, քրեական գործով նշանակված փորձաքննությունը կատարող փորձագետի կողմից արդեն իսկ ուսումնասիրվել են հետազոտման ենթակա օբյեկտները, և համակարգի վերագործարկումն ու շահագործումը չի կարող բացասաբար անդրադառնալ փորձաքննության օբյեկտիվության և լիարժեքության վրա։
Հետևաբար քրեական գործով առգրավված՝ համակարգի գործարկման և շահագործման առգրավված բանալիները վերադարձվել են, և ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարին հայտնվել է, որ մակագրման համակարգը կարող է վերագործարկվել։
Հիշեցնենք, որ արդեն երկար ամիսներ ԱԱԾ-ն քրեական գործի շրջանակներում առգրավել էր համակարգիչը, որով իրականացվում էր դատական գործերի համակարգչային մակագրման համակարգը: Այս ամբողջ ընթացքում քրեական գործերը դատավորներին մակագրվում էին դատարանների նախագահների կողմից, ինչը դժգոհություն էր առաջացրել փաստաբանների եւ քաղաքական շրջանակների մոտ, որ առկա է խտրական մոտեցում: