Երեկ հայտնի դարձավ, որ ապրիլի 21-ին Հայաստանում Չինաստանի դեսպան Ֆան Յունը հանդիպել է Հայաստանի երրորդ նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի հետ։ Այս մասին պաշտոնական հաղորդագրություն տարածեց ՀՀ-ում Չինաստանի դեսպանությունը։
Հաղորդագրության մեջ նշվում էր, որ Սարգսյանը շնորհավորել է Չինաստանի Կոմունիստական կուսակցության հարյուրամյակի կապակցությամբ և բարձր է գնահատել Չինաստանի նշանակալի ռազմավարական ձեռքբերումները՝ COVID-19-ի տարածման վերահսկման միջոցառումների համակարգման և Չինաստանի Կոմունիստական կուսակցության ղեկավարության ներքո սոցիալ-տնտեսական զարգացման գործում:
ՀՀ-ում Չինաստանի դեսպանը հայտնել է՝ 2021 թվականին լրանում է Չինաստանի Կոմունիստական կուսակցության հարյուրամյակը և կուսակցությունը պատրաստ է շարունակել ամրապնդել աշխարհում, ներառյալ՝ ՀՀ-ում Հայաստանի Հանրապետական կուսակցության հետ միջկուսակցական շփումները՝ միմյանց հաջող փորձը փոխանակելու համար։
Քաղաքական այս դժվարին ժամանակներում ակնհայտ է, որ հանդիպումը պատահական չի եղել և այն կարևոր ազդակ է Հայաստանի ներքաղաքական զարգացումների և տարածաշրջանային գործընթացների տեսակետից։
Չինաստանի մասով այս հանդիպումը կարելի է համարել «քաղաքական ապտակ» կամ պատասխան Հայաստանի գործող իշխանությունների վարած քաղաքականությանը։
Հիշեցնենք, որ 2020 թվականին հայտնի դարձավ, որ Հայաստանը միացել է Կրոնական ազատության Ալիանսին։ Բարձրագոչ անունը կրող այս ալիանսի իրական նպատակն առավելապես հակաչինական և նաև հակաիրնական գործունեության ծավալումն է։ Մասնավորապես, Չինաստանում կան թուրքական էթնիկ խմբեր, որոնք անջատողական քաղաքականություն են վարում և Արևմուտքն, ի դեմս, ԱՄՆ-ի տարբեր ֆորմատներով աջակցում է նրանց, լավ գիտակցելով, որ դա թուլացնելու է տնտեսապես իրեն գերազանցող Չինաստանին։ Կրոնական ազատության Ալիանսի նպատակը հենց Սինցզյան նահանգում ապրող անջատողական իսլամադավաններին աջակացելն է։
Փաշինյանի իշխանության գալուց հետո Հայաստանում փորձ արվեց նաև մեկ այլ ուղղությամբ ևս հարված հասցնել Չինաստանին՝ 2018 թվականի դեկտեմբերին հայտարարվեց, որ Հայաստան է գալու թայվանական ՏՀՏ ոլորտի պատվիրակություն։ Նկատենք, որ Թայվանը մասամբ ճանաչված պետություն է Արևելյան Ասիայում և անջատվել է Չինաստանից։
Այս ամենի ֆոնին ամբողջապես հասկանալի է, թե ինչու՞ է Չինաստանի դեսպանը ընդունում Հայաստանի երրրոդ նախագահին, ով գործող իշխանություններին ընդդիմադիր քաղաքական ուժի ղեկավարն է և գործող վարչապետին համարում է կապիտուլյանտ։
Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից հանդիպմանը գնալու ենթատեքստը առավել հետաքրքրական կարող է լինել, երբ այն դիտարկում ենք տեղի ունեցող աշխարհաքաղաքական գործընթացների ֆոնին։ Բոլորի համար ակնհայտ է, որ Հայաստանը հայտնվել է ծանրագույն իրավիճակում և դարձել է Արևմուտքի և Հյուսիսի (Ռուսաստանի) համար կռվախնձոր։ Պատմությունը տասնյակ անգամներ ապացուցել է, որ «կռվախնձոր» պետություններն ի վերջո կանգնում են ոչնչացման առաջ։ Նախագահ Սարգսյանը ցույց է տալիս երրորդ ճանապարը, նա հասկացնում է, որ պետք է դուրս գալ Արևմուտք-Հյուսիս ոչ հայանապաստ և երբեմն պայմանավորված խաղից և նայել Արևելք՝ դեպի Չինաստան։