Չինաստանը հերքում է Ռուսաստանին ռազմական նպատ...

Չինաստանը հերքում է Ռուսաստանին ռազմական նպատակներով անօդաչու թռչող սարքեր մատակարարելու մեղադրանքները: Նման հայտարարություն է տարածել ՉԺՀ-ի առևտրի նախարարությունը։ Այդ մասին  տեղեկանում ենք «РИА Новости» գործակալությունից:

«ԱՄՆ-ը շարունակում է զենք մատակարարել Ուկրաինային, մինչդեռ նա ոչ միայն չի մտածում իր գործողությունների մասին, այլև արևմտյան առանձին երկրների հետ միասին առանց որևէ հիմքի կեղծ տեղեկություններ է տարածում չինական անօդաչու թռչող սարքերի արտահանման մասին, զրպարտում է չինական ընկերություններին։ Չինաստանը կտրականապես դեմ է հանդես գալիս դրան», - նշել է գերատեսչությունը՝ մեկնաբանելով ԶԼՄ-ների հաղորդագրությունները Չինաստանի կողմից Ռուսաստանին ԱԹՍ-ների ենթադրյալ մատակարարման մասին՝ հակամարտության գոտիներում օգտագործելու համար։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Չինաստանը միշտ արդարացի դիրքորոշում է ունեցել Ուկրաինայի հարցում և բոլոր ջանքերը գործադրել է ճգնաժամը քաղաքական ճանապարհով լուծելու համար։

Առևտրի նախարարությունը նշել է, որ Չինաստանում խիստ կանոնակարգեր են գործում ԱԹՍ-ների արտահանման վերաբերյալ, որոնց համաձայն՝ արտահանվող ԱԹՍ-ները պետք է ստուգում անցնեն, որ դրանք օգտագործվելու են խաղաղ նպատակներով։