Չինական պետական նավաշինական Jiangnan Shipyard ընկերությունը նախատեսում է 2035 թվականին սկսել աշխարհում ամենամեծ ատոմային կոնտեյներատարի կառուցումը, որի տարողունակությունը կկազմի 25 հազար ստանդարտ ծովային կոնտեյներ։ Ինչպես հայտնել է ընկերության փոխնախագահ Լին Ցինշանը, նման նավն արդեն նախագծվում է և «կառուցումը կարող է սկսվել 10 տարի անց»։
«Մենք նաև ներդրումներ կկատարենք միջուկային շարժիչով կոնտեյներային նավեր կառուցելու համար նախատեսված նավաշինարանների կառուցման մեջ», - նրա խոսքերն է մեջբերում South China Morning Post թերթը։
Ընդ որում Լին Ցինգշանը հրաժարվել է բացահայտել միջուկային շարժիչով նավերի կառուցման համար նախատեսված մասնագիտացված նավաշինարանի կառուցման համար անհրաժեշտ ներդրումների չափը, նշում է պարբերականը։
Ինչպես նշել է Լին Ցինշանը, Jiangnan Shipyard-ի կողմից նախագծված նավերը կհագեցվեն 200 մեգավատտ հզորությամբ թորիումային ռեակտորով։ Նա պարզաբանել է, որ դա չորրորդ սերնդի միջազգայնորեն ճանաչված վեց ռեակտորային նախագծերից մեկն է, որի ծառայության ժամկետը 40 տարի է։
Չինացի փորձագետների կարծիքով, միջուկային շարժիչով նավերը մի շարք առավելություններ կունենան ավանդական նավերի համեմատ, այդ թվում՝ զրոյական արտանետումներ, մեծացված նավարկության հեռավորություն, վառելիքի ցածր ծախսեր և ավելի բարձր արագություն։



