Վրաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի մի...

Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին հայտարարել է, որ Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման ու խաղաղության օրակարգի առաջմղման գործում գրանցված առաջընթացը։ Այս մասին նա ասել է նոյեմբերի 24-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Առանձին ուշադրություն է դարձվել Հարավային Կովկասում կայունության հարցին։ Կողմերն ընդգծել են դրա կարևորությունը Ադրբեջանի և Վրաստանի զարգացման համար։

Ալիևը նշել է տարածաշրջանային խնդիրների լուծման գործում ներառական մոտեցման անհրաժեշտությունը։ Նա նաև մատնանշել է Ադրբեջանի և Վրաստանի շնորհիվ իրականացվող Միջին միջանցքի զարգացման կարևորությունը։ Նրա խոսքով՝ այս երթուղով փոխադրումները պարբերաբար աճում են։

Կողմերը դրական են գնահատել Բաքու–Թբիլիսի–Կարս երկաթուղու թողունակության ավելացումը և քննարկել տրանսպորտային կապի զարգացմանն ուղղված այլ նախագծեր։

Բացի այդ, հանդիպմանն անդրադարձել են մաքուր էներգետիկայի ոլորտում Ադրբեջանի, Բուլղարիայի, Վրաստանի և Թուրքիայի միջև ռազմավարական գործընկերության համաձայնագրին, ինչպես նաև Սև ծովի հատակով Ադրբեջանի, Վրաստանի, Ռումինիայի և Հունգարիայի միջև էլեկտրական մալուխ անցկացնելու նախատեսվող նախագծին։

Զրուցակիցները քննարկել են նաև Կենտրոնական Ասիայի երկրների մասնակցությամբ տարածաշրջանային համագործակցության ընդլայնումը։ Մասնավորապես, նշվել է, որ Ադրբեջանը լիիրավ անդամակցություն է ստացել Կենտրոնական Ասիայի պետությունների ղեկավարների խորհրդակցական հանդիպման ձևաչափում, իսկ այդ տարածաշրջանի հետ Վրաստանի կապերի զարգացումը կարևոր նշանակություն ունի համագործակցության ամրապնդման համար։