Չինաստանի ԱԳ նախարարը Նյու Դելիում ընդգծել է...

Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին դրական միտում է նշել Չինաստանի և Հնդկաստանի հարաբերություններում 2024 թ. հոկտեմբերին Կազանում կայացած BRICS-ի գագաթնաժողովում երկու երկրների ղեկավարների հանդիպումից հետո և կոչ է արել պահպանել ու զարգացնել այն: Այս ամսին հայտնել է Նյու Դելիում իր հնդիկ գործընկեր Սուբրամանիամ Ջայշանքարի հետ հանդիպմանը։

«Երկու կողմերն իրականացրել են երկու երկրների առաջնորդների կողմից ձեռք բերված փոխհամաձայնությունը, աստիճանաբար վերսկսվել են փոխանակումներն ու երկխոսությունները բոլոր մակարդակներում, սահմանամերձ շրջաններում պահպանվում է խաղաղություն և հանդարտություն», - Վան Իի խոսքը մեջբերել է Չինաստանի արտգործնախարարությունը։

Վան Ին ընդգծել է, որ «չին-հնդկական հարաբերությունները ցույց են տալիս համագործակցության հիմնական հուն վերադառնալու դրական միտումը»։

Չինացի նախարարի խոսքով՝ արդի աշխարհում «լայնորեն տարածված են միակողմանի ճնշումները, իսկ ազատ առևտուրը և միջազգային կարգը լուրջ մարտահրավերների են բախվում»։ 

Նա հայտարարել է, որ նման պայմաններում Չինաստանն ու Հնդկաստանը, որպես երկու խոշորագույն զարգացող երկրներ՝ ավելի քան 2,8 միլիարդ ընդհանուր բնակչությամբ, պետք է «իրենց ներդրումն ունենան բազմաբևեռ աշխարհի առաջխաղացման և միջազգային հարաբերությունների ժողովրդավարացման գործում»։ 

Նախարարը հավելել է, որ Երկու երկրները պետք է լրջորեն ուսումնասիրեն իրենց միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր 75 տարվա փորձն ու դասերը, «հաստատեն ճիշտ ռազմավարական փոխըմբռնում և միմյանց դիտարկեն որպես գործընկերներ, այլ ոչ թե հակառակորդներ կամ սպառնալիքների աղբյուրներ»։ 

Չինացի դիվանագետը կոչ է արել ամրապնդել փոխադարձ վստահությունը, վերացնել համագործակցության ընդլայնման ճանապարհին առկա խոչընդոտները, ամրապնդել չին-հնդկական հարաբերությունների բարելավման դինամիկան։