Չինական առաջին խոշոր ուղևորատար ինքնաթիռն իր...

Չինաստանի առաջին խոշոր ուղևորատար ինքնաթիռը՝ C919-ը, մայիսի 28-ին իր անդրանիկ կոմերցիոն թռիչքն է կատարել: Ինչպես տեղեկացնում է Xinhua գործակալությունը, C919-ը հաջողությամբ Շանհայից մեկնել է Պեկին՝ նշանավորելով իր պաշտոնական մուտքը քաղաքացիական ավիացիայի շուկա:

Տարիների հետազոտություններից և մշակումներից հետո C919-ի գործարկումը համարվում է առանցքային պահ Պեկինի «Պատրաստված է Չինաստանում 2025» ռազմավարության մեջ, որի նպատակն է խթանել տեղական արտադրությունը, այդ թվում՝ նվազեցնելով ավիացիոն հատվածի կախվածությունը օտարերկրյա ինքնաթիռներից:

CNN-ը նշում է, որ մինչև 5555 կմ թռչելու կարողություն ունեցող C919-ը կմրցակցի աշխարհի երկու խոշոր ինքնաթիռ արտադրող ընկերությունների՝ Airbus-ի և Boeing-ի հետ, որոնք առավել հաճախ օգտագործվում են ներքին և միջազգային թռիչքների համար:

Չինաստանի կոմերցիոն ինքնաթիռների կորպորացիայի (COMAC) կողմից կառուցված առաջին C919-ը China Eastern Airlines ավիաընկերությանն էր մատակարարվել 2022 թ.-ի դեկտեմբերին: Դրան հաջորդող ամիսներին ինքնաթիռը մի շարք փորձնական թռիչքներ էր իրականացրել:

Երկշարժիչանի օդանավն ունի 164 նստատեղ՝ բիզնես և էկոնոմ կարգերում:

Ինչպես նշում է CNN-ը, ինքնաթիռի հիմնական բաղադրամասերի մեծ մասը նախագծվել է COMAC-ի կողմից, սակայն որոշ բաղադրիչների, օրինակ՝ շարժիչի համար COMAC-ը դիմել է արևմտյան ընկերությունների: