Սա գործընթաց է, որը երկար է պլանավորվում։ Մենք մեր կառավարության 5 տարում պարտավորություն էինք ստանձնել, որ անդրադառնալու ենք զինծառայության կրճատման հարցին, բայց սա կարող էր լինել այն պարագայում, եթե Գլխավոր շտաբը տար համապատասխան եզրակացություն՝ այն է՝ դրական եզրակացություն, որը կախված է մեր պայմանագրայինների ու ժամկետայինների թվաքանակի հանրագումարից, և դա հնարավոր էր անել միայն 2026 թվականի հունվարից սկսած։ ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
«Տալ հետադարձ ուժ օրենքին, որ դա տարածվի մնացածի վրա, կարծում եմ, որ այստեղ որևէ անարդար բան չկա։ Մենք խոսում ենք հունվարի 1-ից գործող օրենքի մասին, որը կտարածվի այդ օրվանից հետո ծառայության անցնողների վրա, և սա դարձնել հանրային հարց ու բոլորին զորացրել, մենք չենք կարող. ամբողջ բանակը զորացրել չենք կարող»,- ասաց նախարարը։
Պապիկյանը նշեց, որ էական փոփոխություններ են արվել գործող զինծառայողների արձակուրդների, երդման արարողությունից հետո տրվող արձակուրդների համար․ «Արձակուրդը դարձրել ենք 30 օր, բացի դրանից, այդ մարդկանց դրական պահվածքի, ծառայության բերումով կարող են լինել խրախուսական արձակուրդներ։ Այնպես չէ, որ գործող զինծառայողների համար որևէ դրական բան չենք արել։ Արել ենք, և կարծում եմ՝ սա այն հնարավորն էր, որ կարող էինք անել»։



