Չեխիան Եվրամիությանը կոչ է արել ձմռանը պատրաս...

ԵՄ-ում նախագահող Չեխիայի ներքին գործերի նախարար Վիտ Ռակուշանը հայտարարել Է, որ ԵՄ-ն պետք է պատրաստվի Ուկրաինայից փախստականների նոր ալիքի: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է РИА Новости գործակալությունից:

Այսօր Բրյուսելում անցկացվում Է ԵՄ-ի խորհրդի նիստ՝ նվիրված ներքին հարցերին, որտեղ, մասնավորապես, քննարկում են միգրացիան և Շենգենյան գոտու ընդլայնումը:

«Մենք պետք Է պատրաստ լինենք Ուկրաինայից փախստականների հնարավոր հաջորդ ալիքին՝ ձմռան և այդ երկրում ավերված ենթակառուցվածքի պատճառով», - ասել Է նա:

Ավելի վաղ ԵՄ ներքին գործերի հանձնակատար Իլվա Յոհանսոնը հայտնել Էր, որ ուկրաինացի փախստականներին ԵՄ ընդունելու ծրագիրը գործելու Է առնվազն մինչև 2024 թվականի մարտը: Ներկայում Եվրամիության ժամանակավոր պաշտպանության ներքո գտնվում Է ավելի քան 4,2 միլիոն ուկրաինացի:

Ուկրաինական ենթակառուցվածքին հարվածները ՌԴ զինված ուժերն սկսել են հասցնել հոկտեմբերի 10-ին՝ Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյուններից երկու օր անց:

Ըստ ռուսական իշխանությունների՝ ահաբեկչության հետևում կանգնած են ուկրաինական հատուկ ծառայությունները: Ռուսական ուժերը հարվածներ են հասցնում Էներգետիկայի, պաշտպանական արդյունաբերության, ռազմական կառավարման և կապի օբյեկտներին: