Ճապոնիայում հույս ունեն, որ Թրամփն այլևս Նարո...

Անիմե-կերպարների օգտագործումը թույլատրելի է միայն իրավատիրոջ համաձայնության առկայության դեպքում։ Այս մասին հայտնել է Ճապոնիայի տնտեսական անվտանգության նախարար Կիմի Օնոդան՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի տեսանյութը, որում նա ներկայացել էր ամենահայտնի անիմեներից մեկի՝ «Նարուտո»-ի գլխավոր հերոսի՝ Նարուտո Ուձումակիի կերպարով։ Նա հույս է հայտնել, որ նման բան այլևս չի կրկնվի։

«Իհարկե, ես տեղյակ եմ այդ հրապարակման մասին։ Եթե խոսենք ընդհանուր առմամբ, ապա [ընդհանուր] սկզբունքն այն է, որ [կերպարի] օգտագործման համար անհրաժեշտ է իրավատիրոջ թույլտվությունը, և դա վերաբերում է նույնիսկ պետական հաստատությունների կողմից օգտագործվելու դեպքերին»,- ասել է նա մամուլի ասուլիսի ժամանակ։ «Նույնիսկ եթե սա հեղինակային իրավունքի ակնհայտ խախտում չէ, ստեղծագործության օգտագործումն իրավատիրոջ մտադրություններից տարբերվող ձևով կարող է վնաս հասցնել ստեղծագործության իմիջին և իրավատիրոջը»,- հավելել է նախարարը։

Օնոդայի խոսքով՝ Ճապոնիան բազմիցս դիվանագիտական ուղիներով ԱՄՆ-ին հասցրել է այս հարցի վերաբերյալ իր դիրքորոշումը։ «Մենք մտադիր ենք նաև հետագայում արձագանքել, այդ թվում՝ պահպանելով երկխոսությունը ԱՄՆ-ի հետ, որպեսզի ապահովվի մեր երկրին առնչվող հեղինակային իրավունքների պատշաճ վերաբերմունքը։ Ես անկեղծորեն հույս ունեմ, որ նման բան ապագայում չի կրկնվի, և այս գրառումը [սոցցանցերում] չի տարածվի»,- եզրափակել է նա։

Ավելի վաղ Թրամփը սոցցանցերում հրապարակել էր գեներացված տեսանյութ, որտեղ ներկայանում է Նարուտո Ուձումակիի կերպարով։ Դա առաջացրել էր անիմեի երկրպագուների քննադատությունը։