Ճապոնիայի վարչապետ դառնալու համար պայքարում ռեկորդային թվով ինը թեկնածուներ են, այդ թվում՝ սերֆինգով զբաղվող նախկին վարչապետի որդին և բացահայտ ազգայնականը, որը հավակնում է դառնալ երկրի առաջին կին վարչապետը, հաղորդում է AFP-ն:
Ով էլ հաղթի սեպտեմբերի 27-ին Լիբերալ-դեմոկրատական կուսակցության (LDP) ղեկավարության ընտրություններում, կփոխարինի գործող վարչապետ Ֆումիո Կիսիդային, ում եռամյա ժամկետը ուղեկցվել է սկանդալներով և գների բարձրացման մտահոգություններով:
Հարցումները ցույց են տալիս, որ առաջատարներն են 43-ամյա Շինջիրո Կոիզումին, նախկին բնապահպանության նախարարը և նախկին վարչապետ Ջունիչիրո Կոիզումիի որդին և 67-ամյա վետերան և պաշտպանության նախկին նախարար Շիգերու Իշիբան:
«Ես ցանկանում եմ փոխել Ճապոնիայի քաղաքականությունը, որը հետ է մնացել փոփոխվող ժամանակներից», - ասել է Կոիզումին, երբ յուրաքանչյուր թեկնածու հանդես էր գալիս նախընտրական ելույթներով LDP-ի կենտրոնակայանում:
Նրա խոստումները ներառում են աշխատաշուկայի ապակարգավորումը, քաղաքական հիմնադրամների թափանցիկության բարձրացումը և «տարիներ շարունակ քննարկվող հարցերի լուծումը», ինչպես օրինակ՝ թույլ տալ ամուսնական զույգերին տարբեր ազգանուններ ունենալ:
Մինչդեռ Իշիբան, ընդգծելով տարածաշրջանում առկա լարվածությունը, հիշատակել է հինգշաբթի առավոտյան Հյուսիսային Կորեայի բալիստիկ հրթիռի փորձարկումը։
«Նրանք դա չեն անում որպես կատակ», - ասել է նա՝ պնդելով Արևելյան Ասիայում ՆԱՏՕ-ի նման կազմակերպության անհրաժեշտության մասին: