Ես չեմ պատրաստվում իմ ծառայությունը դիմել դադարեցնելու, միայն այն պատճառով, որ ինչ-որ մարդիկ այդպես են ուզում: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 1–ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։
«Դադարեցնելու դեպքում ես մտավախություն ունեի, որ պետք է ջուր լցնեմ այն մարդկանց ջրաղացին, որոնք ստեղծել են այս հերյուրանքը։ Վերջիվերջո նրանց նպատակը դա է։
Երկրորդը, եթե շարունակեմ իմ պաշտոնավարությունը, տպավորություն պետք է ձևավորվի որ բացարձակապես արհամարհած ունեմ հանրային ընկալումները։ Ոչ, ես չեմ պատրաստվում իմ ծառայությունը դիմել դադարեցնելու, միայն այն պատճառով, որովհետև ինչ-որ մարդիկ այդպես են ուզում։ Բայց կարող է հասնի պահը և ես զգամ, որ իմ ծառայությունը դադարեցնելը կարող է օգտակար լինել օբյեկտիվ քննություն իրականացնելուն, կարող է օգնել, որպեսզի մարդկանց մոտ թյուրիմացությունները դադարեն, և եթե ես եմ խանգարող հարցի օբյեկտիվ քննությանը, իհարկե ես ցանկացած լուծումի պատրաստ եմ։ Եվ երրորդը, եկեղեցական իշխանությունը ինքը կարող է գնահատել դա անհրաժեշտ է, թե ոչ։
Հիմա ըստ էության առաջարկվել է որ ես իմ ծառայությունը դադարեցնեմ, ըստ էության, իրավական լեզվով ասած, խափանման միջոց է կիրառվում։ Հիմա խափանման միջոցի նպատակը հետևյալն է, առաջին, որպեսզի ես հնարավորություն չունենամ ազդելու հանձնաժողովի օբյեկտիվ քննության վրա, որի հնարավորությունը ես չունեմ, կամ համենայնդեպս այդ հնարավորությունը չի նվազելու իմ պաշտոնաթողությունից հետո, որովհետև ես այսպես, կամ այնպես հանձնաժողովի անդամների հետ հարաբերություններ ունեմ։
Ինձ մեղադրում են կուսակրոնության ուխտը խախտելու, կենակցելու մեջ և այլն: Հիմա եթե իմ պաշտոնավորությունը դադարեցնում եք, զավեշտական է, ես ավելի մեծ հնարավորություն եմ ունենում այդ նույն մեղքը գործելու: Նպատակը ո՞րն է: Պարզ է՝ քարոզչական։
Երբ ես գնահատեմ, որ դա եկեղեցու շահերի տեսանկյունից արդյունավետ է, օգտակար է, ես ցանկացած քայլ պատրաստ եմ անել, ոչ միայն պաշտոնավարությունս դադարեցնելու, այլ ընդհանրապես կարգս թողնելու, որևէ խնդիր այդ առումով ես չունեմ։ Բայց ես չեմ պատրաստվում անել մի գործողություն, որը ենթադրել կտա, որ այն, ինչ որ ինձ վերագրվում է, դա ճիշտ է։
Մեր եկեղեցու պրակտիկայում դուք չեք կարող հիշել վերջին 30 տարում մի դեպք, երբ եպիսկոպոսի հետ կապված հարցերը քննարկելու համար հանձնաժողով է ստեղծվել։ Այդ հանձնաժողով ստեղծելու առաջարկը արել եմ ես։ Եվ դա ես ճիշտ եմ համարում, որովհետև պետք է այդպիսի մշակույթ ձևավորվի։
Ցանկացած հարց պետք է հանգամանորեն քննարկվի և օբյեկտիվորեն գնահատվի։ Բայց դա չի նշանակում, որ պետք է հանձնաժողովը քմահաճորեն կամայականորեն քաղաքական այս կամ այն գործոններով պայմանավորված որոշումների կամ լուծումների կամ առաջարկների հանգի»,– հայտարարեց սրբազանը։



