
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել Արարատի մարզի Բյուրավան գյուղում գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատեր Արայիկ Ավետիսյանին պատկանող հացի արտադրամասում։
Ինրպես տեղեկացնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ստուգումների արդյունքում պարզվել է, որ այն աշխատում է սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներով։
Հատկապես արձանագրվել են որոշ խախտումներ՝ արտադրամասի նախագծումը, կառուցվածքը և չափսը չեն ապահովել կենդանիների ներթափանցումից պաշտպանությունը, արտադրական շինությունները ապահովված չեն եղել կեղտի կուտակումներից, մասնիկները թափվելու հնարավորությունից, բորբոսի առաջացումից, արտադրամասի պատերի, հատակի, առաստաղների և պատուհանների մակերեսները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից։
Տեսչական մարմնի մասնագետները պարզել են, որ արտադրական շինությունները չեն ապահովել պարենային հումքի, փաթեթավորման նյութերի և սննդամթերքի պահպանման պայմանները, արտադրական շինություններում պահվել են արտադրության ընթացքում չօգտագործվող պարագաներ, ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով։
Ստուգումների արդյուքում պարզվել է նաև, որ սահմանված չի եղել տեխնոլոգիական սարքավորումների, գույքի մաքրման, լվացման ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացների պարբերականությունը, աշխատանքային մակերևույթները պատրաստված չեն եղել չներծծվող նյութերից։
Տեսչական մարմնից տեղեկացնում են, որ հաշվի առնելով վերը նշված խախտումները՝ հացի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է։ Սահմանվել է ժամկետ՝ բացահայտված անհամապատասխանությունները վերացնելու համար: