ԲԸՏՄ-ի ղեկավարի տեղակալը հանդիպել է Կոտայքի և...

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Վրեժ Գալոյանն աշխատանքային այցով եղել է Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի մի շարք բնակավայրերում, որտեղ հանդիպումներ է ունեցել ոլորտային գործունեություն իրականացնող խոշոր տնտեսավարողների հետ։

 ԲԸՏՄ-ից հայտնում են, որ հանդիպումների նպատակն էր վերահսկողության գործընթացներում թափանցիկության բարձրացումը, շրջակա միջավայրին հասցվող վնասների նվազեցումը, օրենսդրական պահանջների իրազեկման մակարդակի ամրապնդումը, ինչպես նաև պետական-մասնավոր համագործակցության արդյունավետ ձևաչափի զարգացումը։

Հանդիպումների ընթացքում քննարկվել են ջրային և հողային ռեսուրսների արդյունավետ օգտագործման, արտանետումների ու թափոնների կառավարման, որսի կանոնների, ՇՄԱԳ փորձաքննությունների ու թույլտվությունների պայմանների պահպանման վերաբերյալ հարցեր։

Տնտեսավարողները բարձրաձայնել են մի շարք արդիական հարցեր՝ կապված թույլտվությունների ժամկետների, հաշվետվությունների ներկայացման մեխանիզմների, ինչպես նաև տեսչական ստուգումների գործընթացների հետ։

Վրեժ Գալոյանը հավաստիացրել է, որ ԲԸՏՄ-ն մշտապես բաց է կառուցողական համագործակցության համար և պատրաստ է կանխարգելիչ վերահսկողության տրամաբանության շրջանակներում տրամադրել ոլորտային խորհրդատվություն։